
70-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ կիրակի երեկոյան՝ մայիսի 10-ին, Վիեննայում: «Եվրատեսիլ 2026»-ի մասնակիցները քայլեցին 170 մետր երկարությամբ փիրուզագույն գորգի վրայով: Այն ձգվում էր Բուրգթատրոնից մինչև Ավստրիայի մայրաքաղաքի քաղաքապետարան, որտեղ արտիստներին դիմավորեցին Վիեննայի քաղաքապետ Միխայել Լյուդվիգը և մրցույթի կազմակերպիչները։
Այս տարվա «Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքները մրցույթի պատմության մեջ ամենադժվարներից էին: Հինգ երկրների՝ Նիդեռլանդների, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի և Սլովենիայի հեռարձակողները հայտարարել են մրցույթը բոյկոտելու մասին՝ Իսրայելի մասնակցության պատճառով։
Առաջին երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին: Եզրափակչում, որը տեղի կունենա Վիեննայի Շտադհալեի բեմում շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, հեռուստադիտողները կտեսնեն այս տարվա մրցույթին մասնակցած 35 մասնակիցներից 25-ին, հաղորդում է DW-ն։
Բուքմեյքերների կարծիքով, եզրափակիչից մեկ շաբաթ առաջ մրցույթում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ուներ ջութակահարուհի Լինդա Լամպենիուսի և երգիչ Փիթ Պարկկոնենի ֆիննական զույգը։ Նրանց հիմնական մրցակիցներն են համարվում Հունաստանի ներկայացուցիչ Ակիլոսը, Դանիայից Սյորեն Տորպեգաարդ Լունդը, Ֆրանսիայից Մոնրոն և Ավստրալիայից Դելտա Գուդրեմը։
Երգիչ Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում Վիեննայում՝ «Paloma Rumba» երգով։ Երգիչը կմրցի երկրորդ կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 14-ին։