
Ազգային ժողովրդավարական բեւեռը նախընտրական քարոզարշավին մասնակցում է «Բեւեռ-Արցախ-Միացում» կարգախոսով։ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կարգախոսները խարսխված են արդարության եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա։
«Նախ, Հայաստանի Հանրապետության սահմանները դրանք բռնության, պատերազմի, պարտադրանքի, սովետա-թուրքական համաձայնությունների հետեւանք են։ Նաեւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանն ըստ էության սովետի նախնական փուլի, համաշխահային հեղափոխության մարմանջի հետեւանք է։ Եվ քանի որ ամբողջ աշխարհն անընդհատ խոսում է, որ պետք է սահմանները խարսխված լինեն միջազգային իրավունքի հիման վրա, եւ բացի միջազգային իրավունքից այլ բան ընկալելի չէ, եւ դրա մասին խոսում է նաեւ Ալիեւը, դրա համար մենք գտնում ենք, որ կողմերը պիտի փոխադարձ համաձայնությամբ, միջազգային երաշխավորների հետ միասին դիմեն Միջազգային դատարան, որն էլ պետք է միջազգային իրավունքի եւ առկա տարբեր փաստաթղթերի հիման վրա որոշի Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Եվ այդ որոշումը պարտադիր կլինի կողմերի համար։ Քանի որ մենք վստահ ենք, որ ոչ թե ստալինյան գծած սահմաններով, այլ միջազգային իրավունքով Արցախը Հայաստանի մաս է, դրա համար էլ հայտարարում ենք Արցախը որպես ՀՀ մաս»,- ասաց Արա Պապյանը։
Հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի ժողվովրդի համար սա ընկալելի՝ հաշվի առնելով իշխանության այսօրվա քարոզն ու թեզերը, Արա Պապյանը պատախսանեց, որ հանրությունը գտնվում է իշխանության քարոզչության ազդեցության տակ։ «Իշխանությունն ունի մեծ հնարավորություններ, որոնք մենք չունենք։ Եվ տարիներ ի վեր հենց նույն իշխանություններին դիմել ենք, որ եկեք դրա շուրջ բանավիճենք, բայց չի եղել։ Բայց քաղաքական ուժը պետք է լինի դրոշակակիրը եւ ոչ թե գնա հանրության իմացության կամ չիմացության հետեւից։ Եթե աշխարհը կառավարվեր ոչ մասնագիտական մոտեցումներով, ապա վաղուց կործանված կլիներ։ Մենք գաղափարական ուժ ենք, մեզ համար երբեք խնդիր չի եղել խորհրդարանում տեղ ունենալը կամ քվեներ վեցնելը մեր պետության ու ազգի հաշվին, ինչը շատ կուսակցություններ են անում։ Խոստումներ են տալիս, որոնք որեւէ հիմքեր չունեն իրականություն դառնալու, գնում են այդ նույն հանրության մեծամասնության քմահաճույքը բավարարելու եւ այլն։ Մենք ունենք մեր սկզբունքները եւ կարծում ենք՝ այդ սկզբունքները ճիշտ են եւ վեր են ինչ-որ մեկին, այդ թվում՝ նաեւ մեծ զանգվածներին սիրաշահելուց, որովհետեւ արդարությունն ամեն ինչից վեր է մեզ համար»,- նշեց նա։