«Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագիրը ակտիվ շարունակվում է

  • 19:26 11.05.2026

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, արցախցի Անուշ Շահրամանյանի և իրավաբանական ֆակուլտետի ուսանող Գուրգեն Սողոմոնյանի «Իրացրու իրավունքդ» նախագիծը «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի մաս է կազմում: Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Commit Global-ի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից:

2025 թվականի դեկտեմբերից մեկնարկած այս 6-ամսյա ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք. անցկացվել է 4 հանդիպում Երևանում և 6-ը՝ մարզերում, որոնց մասնակցել են շուրջ 200 բռնի տեղահանված անձ:

Փաստաբանն աջակցություն է ցուցաբերել արցախցիներին բազմաբնույթ իրավական հարցերով, հատկապես՝ բնակարանային ապահովման պետական աջակցության հավաստագրերի ստացման խոչընդոտների վերացման ուղղությամբ: Աշխատանքները ներառել են ՀՀ քաղաքացիության ընդունման, փաստաթղթերի վերականգնման, շահառու ճանաչվելու և առցանց դիմումների լրացման հարցերը:

Բացի այդ, 2023թ. սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով անհայտ կորածների ընտանիքների անունից ներկայացվել են դատական հայցեր՝ անձանց անհայտ բացակայող ճանաչելու համար, որպեսզի ընտանիքները հնարավորություն ստանան օգտվել պետական աջակցության ծրագրերից:

Նախագիծը կավարտվի մայիսին. վերջին հանդիպումը նախատեսված է մայիսի 23-ին, որի ժամանակ կտրամադրվի թեմատիկ խորհրդատվություն բնակարանային հավաստագրերի հետ կապված հրատապ հարցերով:

Ծրագրի շրջանակներում դիմողներն ուղղորդվում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) և Փաստաբանների պալատի «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» համատեղ ծրագիր, որով հատուցվում են ծննդյան գրանցման և իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերի նոտարական կարգով հաստատման վճարները:

Օրերս Եվրոպայի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ Անուշ Շահրամանյանը ներկայացրել է նաև ՄԱԿ ՓԳՀ-ի և Փաստաբանների պալատի՝ 2024թ. մարտից գործող ծրագիրը: Ըստ փաստաբանի՝ այս ծրագիրը հնարավորություն է տվել մատուցել անվճար որակյալ իրավաբանական օգնություն հարյուրավոր տեղահանվածների՝ դատական կարգով լուծելով կենսաթոշակների նշանակման, ստաժի հաստատման, կորցրած փաստաթղթերի վերականգնման և աջակցության միջոցառումների շահառու ճանաչվելու հարցերը: Արդյունքում՝ կառավարությունից տասնյակ միլիոնավոր դրամներ են գանձվել հօգուտ տեղահանված անձանց և ներկայացվել են առաջարկներ՝ տեղահանված անձանց վերաբերող իրավական ակտերի բարելավման նպատակով: «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագիրը շարունակում է իր ակտիվ գործունեությունը:

Անվճար փաստաբանական ծառայություններից օգտվելու համար կարող եք զանգահարել 033 600 714 հեռախոսահամարով կամ այցելել ՀՀ փաստաբանների պալատ (հասցե՝ ք. Երևան, Զաքյան 7, 2-րդ հարկ):

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ