ՀՀ ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանի հետ ուղիղ առևտրի Թուրքիայի պատրաստակամությունը

  • 11:19 13.05.2026

Անկարան և Երևանը ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, որն ընթանում է 2022 թվականից, իրականացվել են վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներ։ Այս համատեքստում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ բյուրոկրատական նախապատրաստությունները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ համարվում են ավարտված», — նշել է դիվանագետը X սոցիալական ցանցում։

Հաղորդվում է նաև, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներ են տարվում։

«Հաշվի առնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և բարօրություն հաստատելու պատմական հնարավորությունը՝ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ տնտեսական կապերի զարգացման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում՝ հանուն բոլոր երկրների և ժողովուրդների շահերի», — ասված է թուրք դիվանագետի մեկնաբանության մեջ։

Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանը։

«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։