
Մայիսի 15 | 19:00, Ժամանակակից Արվեստի Ինստիտուտ, Երևան, Ավետ Ավետիսյան 47
«Մանկությունը՝ նշանառության տակ» ցուցահանդեսը լուսանկարիչ Անի Գևորգյանի և լրագրող Շուշան Փափազյանի համատեղ նախագիծն է, որը վավերագրում է 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, որոնց հետևանքով տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներն, այդ թվում՝ երեխաներ։ Նախագիծում ներկայացված է 5 երեխայի պատմություն, որոնց կյանքն ընդհատվել է տան կամ դպրոցի բակում՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
Այս պատմությունները հիշեցնում են, որ վիճակագրության հետևում չապրած մանկությունն է, ընդհատված երազանքներն և խեղված ապագան։
Նախագծում փորձ է արվում հեռանալ կորստի տեսարանից։ Դրա փոխարեն կներկայացվի ներկայության լուռ նշաններ՝ երեխայի տետր, սեղանին թողնված խաղալիք, այն ձևը, թե ինչպես է ապրում ընտանիքը՝ երեխայի կորստից հետո։ Երեխայի կյանքը չի կարող սահմանափակվել նրա մահվան պահով։ Այն պատկանում է շատ ավելի մեծ անձնական պատմության։
Անի Գևորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) և Ժնևյան գրասենյակում, Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում և այլուր։ Ավելի քան տասը տարի զբաղվել է պատերազմական և հետպատերազմական թեմաների լուսաբանմամբ։
Շուշան Փափազյանը հակամարտությունների լրագրող է 44-օրյա պատերազմից սկսած։ Արցախի վերջնական հայաթափումից հետո նա գրել է մի քանի հիմնական թեմաների շուրջ, ինչպիսիք են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի պատերազմում զոհված, խոշտանգված և անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների՝ որպես պատերազմից վերապրողների պատմությունները, ինչպես նաև զինված հարձակումների կամ հրետանակոծության զոհ դարձած խաղաղ բնակիչների պատմությունները։