Երևանում բիայնական դամբարանից գողացել են մ.թ.ա. 8-րդ դարի գտածոներ

  • 11:29 16.05.2026
2 տղամարդիկ գողություն են կատարել Երևանում գտնվող բիայնական դամբարանից և արժեքավոր գտածոներ տարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Ոստիկանությունը Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից գողություն կատարելու մասին տեղեկությունը ստացել է ապրիլի 24-ին։ Նշվել է, որ պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր են գողացվել։ Կենտրոնի աշխատանքային ղեկավար Հրաչյա Կամոյանը ոստիկանությանը հայտնել է, որ գողացել են մ.թ.ա. 8-րդ դարի գտածոներ` փոքր թաս, որի մեջ եղել է թռչնի նշանով կնիք և փականի մաս»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։
Իրավապահները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են՝ գողությունը կատարել են երկու տղամարդիկ, որոնցից մեկը 35 տարեկան է (Երևանի բնակիչ), մյուսը` 36 տարեկան (Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ)։
Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը։
Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։