
Մայիսի 15-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում բացվեց «Մանկությունը նշանատության տակ» ցուցահանդեսը: Լուսանկարիչ Անի Գևորգյանի և լրագրող Շուշան Փափազյանի համատեղ նախագիծում ներկայացված է 5 երեխայի պատմություն, որոնց կյանքն ընդհատվել է տան կամ դպրոցի բակում՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
Ցուցահանդեսը լուռ ճիչ է այն մասին, որ այդպես չպետք է լինի։
Գայանեի և Թաթուլի երեք երեխաները (Վաղարշակ, Գոռ և Գևորգ) հաճախում էին Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի (Զորավան) դպրոց: 2016 թվականի ապրիլի 2-ին 12-ամյա Վաղարշակը սպանվել է դպրոց գնալու ճանապարհին, իսկ 11-ամյա Գևորգը ծանր վիրավորվել է։
Ութամյա Գոռ Առստամյանը մահացել է Ստեփանակերտում՝ դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, կեսօրին, հրետակոծության ժամանակ: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ երեխայի սիրտը կանգ է առել վախից: Նրա մայրը՝ Զվարթ Ավանեսյանը, երկար ժամանակ չի կարողացել գտնել նրան։
Քրիստինեի 11-ամյա որդին՝ Էդվարդը, և նրա ընկերը՝ Դավիթը, սպանվել են 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ՝ չպարզված հանգամանքներում: Տղաների մարմինները հայտնաբերվել են խոշտանգումների և խեղդամահության հետքերով: Ենթադրվում է, որ դիվերսիոն հարձակումէր: Ընտանիքը բնակվում էր Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։
Ութամյա Վիկտորիան զոհվեց Մարտունի քաղաքում 44-օրյա պատերազմի առաջին օրը, երբ նրանց բակը հրետակոծության տակ հայտնվեց։ Նրա մայրը՝ Անահիտը, և եղբայրը՝ Արծվիկը, ինչպես նաև այլ ազգականներ և հարևաններ նույնպես վիրավորվեցին։
Գոարինե Գրիգորյանը կորցրեց իր որդուն՝ 16-ամյա Սերգեյին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ընտանիքն ապրում էր Վանք գյուղում։ Նրանց տան բակում ական է պայթել։
Անի Գևորգյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց ծնողներին, ովքեր համաձայնվեցին մասնակցել բացմանը: «Սա մեզ համար շատ կարևոր է, ինչպես կարևոր էր ձեզ ճանաչելը, ինչպես կարևոր էր ամեն ինչ ներկայացվեր այնպես, որ սա պարզապես դաժան պատմության որս չընկալվի», – ասաց նա: «Կարևոր էր ամեն ինչ կոռեկտ, զուսպ և հիշատակի հարգանքով փոխանցել»:
Նա նշեց, որ ցուցահանդեսի համար տարածք գտնելու հետ կապված դժվարություններ կային, «և մենք շնորհակալ ենք Ժամանակակից արվեստի ինստիտուտին» այս հանձնառարությունը ստանձնելու համար: Անի Գևորգյանը նշեց, որ Նազարեթ Կարոյանը և Ռուբեն Արևշատյանը անմիջապես առաջարկեցին իրենց աջակցությունը: Նախագիծը հնարավոր չէր լինի առանց «Քույրիքս» բարեգործական կազմակերպության դրամահավաքի ջանքերի, ինչպես նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցության: