Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց. ինչու Փաշինյանը աջակցեց Արայիկ Հարությունյանին

  • 11:55 21.05.2026

Դատավոր Շահվերդյանն Արթուր Օսիպյանին կալանավորեց 2 ամսով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ 

Արթուր Օսիպյանը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել, կատարել խուլիգանություն և խոչընդոտել քարոզչությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հաստատել է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Ինչի՞ համար են կալանավորել Նիկոլ Փաշինյանին պարզ հարցեր տված Արթուր Օսիպյանին։ Ավելի ճիշտ՝ կոնկրետ ո՞ր հարցի համար։ Արցախյան խնդրի մասին սուր հարցերին հանգիստ պատասխանած Նիկոլ Փաշինյանը հանկարծ բռնկվեց պարզ հարցից․ ինչո՞ւ Փաշինյանը աջակցեց Արայիկ Հարությունյանին՝ 2020 թ․ Արցախի նախագահի ընտրություններում։ Եւ թեկուզ հարցը շեղվեց դեպի փողային և կոռուպցիոն հարցեր, սակայն էությունը հենց քաղաքական աջակցության մասին է։

Հիշեցնենք, 2020 թ․ գարնանը Արցախում պետք է կայանային Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո առաջին նախագահական ընտրությունները։ Փաշինյանը, պատասխանելով Արցախյան խնդրով բանակցությունների մասին հարցերին, մի քանի անգամ ընդգծել էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և Հայաստանը չպետք է որոշի Արցախի ճակատագիրը։ Սա գնահատվեց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններից Հայաստանի դուրս գալու հայտ։

Այնուամենայնիվ, Փաշինյանը Արայիկ Հարությունյանի երկրորդ փուլում “հաղթանակից” հետո եկավ Արցախ և Շուշիյուն տոնեց Արայիկ Հարությունանի ինաուգուրացիան։ Հարությունյանն, ի դեպ, խոստացավ Արցախի պարլամենտը տեղափոխել Շուշի, ինչը զայրույթ առաջացրեց Բաքվում։ Ալիևը մինչև հիմա, փորձելով արդարացնել Արցախի հանդեպ ագրեսիան և հետագա օկուպացիան, որպես “խաղաղ” ճանապարհի ավարտի նշան հիշատակում է հենց ինաուգուրացիան Շուշիյում։

Բացի այդ, 2020-ի փետրվարից Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում քովիդի պանդեմիայի պատճառով կարանտին և խիստ սահմանափակումներ են մտցվել։ Արցախում սահմանափակումները ավելի մեղմ էին։

Սակայն Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ի երդմնակալությունից 2 շաբաթ հետո հանկարծ որոշում ընդունեց Արցախի և մնացած Հայաստանի “սահմանին” “կարանտինային” անցումային կետեր ստեղծելու մասին։ Մինչ այդ գրեթե 30 տարի ոչ մի սահման չի եղել՝ համապատասխան Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրված՝ Արցախի և Հայաստանի միավորման մասին 1989 թ․ որոշմանը։

Արցախը փաստորեն առանձնացվեց Հայաստանից, բանակը մեկուսացվեց, իսկ Շուշիի ինաուգուրացիան միտումնավոր “կազուս բելլի” ընկալվեց։

Նույնիսկ այն ժամանակ շատերը իրենց հարցեր էին տալիս․ ինչո՞ւ Փաշինյանն այդքան համառ, պանդեմիայի պայմաններում, պնդեց ընտրությունների անցկացումն Արցախում և բացահայտ աջակցեց Արայիկ Հարությունյանին։ Ինչո՞ւ որոշվեց ցուցադրաբար երդումնակալությունը անցկացնել Շուշիյում։ Ինչո՞ւ սահմանակետեր դրվեցին Զաբուխում և Քարվաճառում այն դեպքում, երբ Հայաստանի մարզերի միջև նման սահմանակետեր չկային։

Այն ժամանակ որոշ վերլուծաբաններ ագրեսիայի հրահրման միտում էին նկատում, և 2020 թ․ հուլիսյան իրադարձությունները, իսկ սեպտեմբերի 27-ին՝ արդեն լայնածավալ ագրեսիան ապացուցեցին, որ կարծիքները արդարացված էին։

Արդյո՞ք այս հարցի համար կալանավորեցին Արթուր Օսիպյանին, որը իմիջայլոց Թավշյա հեղափոխության ջատագովն էր։ Փորձելով Փաշինյանին մեղադրել Արայիկ Հարությունյանի հետ հանցավոր կոռուպցիոն պայմանավորվածության մեջ, Օսիպյանը ակամա շատ ավելի խորքային շերտ է բարձրացրել․ արդյո՞ք այն, ինչ կատարվեց 2020 թ․ ապրիլից հետո Հայաստանի հետ Արցախում, նախապես մշակված րմիտումնավոր պլան էր։

Արայիկ Հարությունյանը, որը Բաքվի բանտում է, չի կարող պատասխանել այդ հարցին։ Կպատասխանի՞ Նիկոլ Փաշինյանը։