«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբի 40 մրցանակային տեղեր է զբաղեցրել

  • 13:34 21.05.2026

«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբը մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկությանը 40 մարզիկ՝ մրցանակային տեղերում 

«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբ հասարակական կազմակերպությունը հիմանդրվել է Արցախի տեղահանությունից հետո՝ Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի բազզայի վրա և հանդիսանում է արցախյան միակ մարզական կազմակերպությունը, որը օրինական գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Ակումբը ստեղծվել ու ակտիվ գործունեություն է իրականացնում ՀԿ նախագահ Արմեն Պետրոսյանի անմիջական նախաձեռնության ու ջանքերի շնորհիվ։

Կատարված աշխատանքների և մարզիկների ձեռքբերումների մասին է պատմում ակումբի ղեկավարը

-Տեղահանությունից անմիջապես հետո, հոկտեմբեր ամսում ձեռնամուխ եմ եղել մարզադահլիճ որոնելու աշխատանքներին, միաժամանակ փորձել եմ հավաքել իմ սաներին։ Սկզբնական շրջանում հավաքվել է 50 աշակերտ։ Նոյեմբերի 20-ին արդեն իսկ անց ենք կացրել մեր առաջին պարապմունքը՝ Երևանի հ․ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճում։ Այն ձեռք բերելու հարցով դիմել եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, բազմաթիվ անգամ հանդիպել եմ դպրոցի տնօրենության հետ։ Քանի որ դպրոցը նախատեսված է հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար, ու մարզադահլիճը չէր օգտագործվում, փորձել եմ համոզել՝ այն մեզ տրամադրելու համար։

«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբն արցախյան այն կազմակերպությունն է, որտեղ 104 երեխա ստանում է անվճար մարմնակրթական դաստիարակություն։ Արցախում եղել եմ միակ մարզիչը, որը մարզումները կազմակերպում էր անվճար։ Շրջափակման ժամանակ զրկված էի պետության կողմից տրամադրվող դրամական բավարարումից, սակայն դա չէր խանգարում, որ շարունակվեն պարապմունքները։

Այս երեք տարիների ընթացքում մենք կարողացել ենք անցկացնել մի շարք ներքին առաջնություններ՝ «Արցախը մենք ենք» խորագրով ակումբի փակ առաջնություն, 2 հաշվետու մրցույթ՝ տարին ամփոփելու համար։

Վերջին ամփոփիչ մրցությանը մասնակցել է 134 երեխա։ Ցավոք, չեն լուսաբանվել մեր երեխաների հաջողությունները։ Մասնակցել ենք նաև մի շարք միջազգային առաջնությունների, որոնց թվում են Օյամայի գավաթի, ինչպես նաև Հունգարիայում անցկացված աշխարհի գավաթի առաջնությունները։

Լինելով կազմակերպված կառույց՝ մասնակցում ենք ՀՀ-ում կազմակերպվող տարաբնույթ մարզական առաջնությունների։ Մասնակցել ենք ինչպես 2024, 2025 թվականներին կազմակերպված Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի առաջնությանը, այնպես էլ վերջերս՝ 2026 թվականի խաղարկությանը։ Վերջինը «Միկա» մարզադահլիճում է կազմակերպվել, որին մասնակցել են մոտ 800 երեխաներ՝ Երևան քաղաքից ու ՀՀ տարբեր մարզերից։ Արցախը մասնակցել է 64 հոգանոց կազմով, որոնցից 40 մարզիկ զբաղեցրել են մրցանակային տեղեր․ 12-ը՝ առաջին տեղ։

Մեր ակումբի ստեղծման ու զարգացման գործին, ցավոք, Արցախի ոչ մի ղեկավար, սպորտի որևէ ներկայացուցիչ չի մասնակցել։ Մեր ողջ պատմությունը՝ սկսած Արցախից, մինչև այսօր, միայն իմ միանձնյա աշխատանքի շնորհիվ է։

Մեր մարզական կառույցը միակ կառույցն է, որը իրականացնում է մարմնակրթական և մշակութային խնդիր։ Կենդանի շփման միջոցով մենք պահպանում ենք նաև մեր բարբառը, որը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։ Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ իմ առաքելությունն իրականացնել ազնվորեն և անել հնարավորը, որ մեր երեխաները շարունակեն մարզվել, կոփվել և միշտ շփվել իրար հետ՝ չմոռանալով Արցախը։

Մեր կարգախոսն է՝ Արցախը մերն է, նպատակը՝ վերադարձ․․․

Կարինե Բախշիյան