
Վստահեցնում եմ, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստան-Միացյալ Նահանգներ միջպետական պայմանագրի ստորագրումը որոշ տեխնիկական ընթացակարգերի իրականացումից հետո արագ տեղի կունենա, մամուլի ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ այսօր համաձայնագիրը նախաստորագրեցին Արարատ Միրզոյանն ու Հայաստան 1 ժամով ժամանած ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Համաձայնագիրը կստորագրեն արդեն ընտրություններից հետո։, ինչպես ասեց Միրզոյանը՝ մի քանի շաբաթ հետո։
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը:
Տեքստի մեջ նշված է, որ ԹՐԻՓՓ-ը կկապի “Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կստեղծի Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց, նաև ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար”։
” Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն (ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն, որը պատկանում է ԱՄՆ-ին) լիազորված կլինի ընտրելու երրորդ կողմերի՝ ՀՆԿ-ների կողմից ստեղծվող յուրաքանչյուր ԹՐԻՓՓ ծրագրի իրականացմանն աջակցելու համար, այդ թվում՝ այն երրորդ կողմերը, որոնք հանդես կգան որպես կոնցեսիոներներ, հովանավորներ, օպերատորներ, կապալառուներ, ինչպես նաև տվյալ ԹՐԻՓՓ նախագծի ՆԳՇ (նախագծման գնումների և շինարարական) ծառայություններ մատուցողներ”, ասված է համաձայնագրի մեջ։
Այսինքն, հենց ամերիկյան կողմն է որոշելու, թե որ “երրորդ երկիր” կմասնակցի նախագծին։
Սակայն,ինչպես պարզվում է, “Միացյալ Նահանգները մտադիր է ձեռնարկել քայլեր՝ Հայաստանի հետ համատեղ ԹԶԸ-ի հիմնադրման համար թույլտվություն ստանալու նպատակով, ինչը ներառում է Կոնգրեսին ծանուցումը և ԶՖԿ-ի տնօրենների խորհրդից անհրաժեշտ հաստատման ստացումը”։
Այլ կերպ ասած, ամերիկյան կողմը դեռ ոչ մի լիազորություններ չունի։
“Հայաստանը հաստատում է, որ իր Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի սույն Համաձայնագիրը”, ասված է տեքստի մեջ։
Թեկուզ դեռ պարզ չէ, ինչ է նշանակում ԹՐԻՓՓ-ի գոտի, սակայն արդեն որոշվում է, որ Հայաստանը պետք է պետականացնի հողերը և սահմանազատի վիճելի մասերը։
“Հայաստանը կձեռնարկի Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ միջոցները և հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի՝ ա) ապահովի, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների երկայնությամբ գտնվող հողամասերը Հայաստանի սեփականությունն են կամ կարող են դառնալ Հայաստանի սեփականությունը, և բ) ապահովի, որ այդ հողամասերը զերծ լինեն ցանկացած ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կրի այդ գործընթացների հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը”։ Հետո դա Հայաստանը ԹԶԸ-ին կտրամադրի 49 (քառասունինը) տարի նախնական ժամկետով հողօգտագործման բացառիկ իրավունքով։
Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի ինքնիշխան տարածքում որևէ անձի կողմից այնպիսի ենթակառուցվածքի կառուցմանը և շահագործմանը, որը ԹՐԻՓՓ նախագիծ չէ:
Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք, ասված է համաձայնագրում։
“Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայություններ մատուցելու համար` Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ”, ասված է համաձայնագրի տեքստում: