Ողբերգություն Լոս Անջելեսի հայկական ընտանիքում

  • 12:37 29.05.2026

news.am

Լոս Անջելեսի Նորթ Հիլս շրջանում տեղի է ունեցել ողբերգություն, որը ցնցել է ինչպես տեղի համայնքը, այնպես էլ հայկական սփյուռքը։ Մասնավոր տներից մեկում հայտնաբերվել են հայկական ընտանիքի չորս անդամների՝ ամուսինների և նրանց երկու փոքր երեխաների մարմինները։ Իշխանությունները կատարվածը քննում են որպես հնարավոր սպանություն-ինքնասպանություն, հայտնել է KTLA5tv-ն։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան։ Ոստիկանությունը ժամանել է Londelius Street-ում գտնվող տուն ժամը մոտ 20:00-ին՝ հարևանների հաղորդումներից հետո, որոնք հայտնել էին տնից հնչած կրակոցների մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են տղամարդու, կնոջ և երկու երեխաների դիերը։

Դատաբժշկական փորձագետները պարզել են զոհվածների ինքնությունը՝ 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, նրա երկու տարեկան որդին՝ Ալեք Բասմաջյանը, և նորածին դուստրը՝ Էլլա Բասմաջյանը, որն ընդամենը վեց օրական էր։ Մոր՝ մոտ 30-ամյա կնոջ անունը պաշտոնապես չի հրապարակվում՝ մինչև հարազատներին տեղեկացնելը։

Քննության նախնական վարկածով՝ հենց մայրը կարող էր կրակած լինել՝ սպանելով երկու երեխաներին և ամուսնուն, ապա ինքնասպան լինել։ Միևնույն ժամանակ, պաշտոնական եզրակացություններ դեռ չեն արվել, քննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը հաստատել է, որ գործով կասկածյալներ չեն որոնվում։

Ընտանիքի հարևանները խոստովանում են, որ տեղի ունեցածը նրանց համար իսկական ցնցում է եղել։ Տարածքի բնակիչներից մեկի խոսքով, որը ցանկացել է անանուն մնալ, ընտանիքը հանգիստ ու բարեկեցիկ տպավորություն էր թողնում։

«Ես երբեք վեճեր չեմ լսել և որևէ անհանգստացնող նշան չեմ նկատել։ Այդ երեկո՝ մոտ ժամը յոթին, ես տեսել եմ ամուսնուն, երբ նա աղբն էր դուրս տանում։ Ամեն ինչ լիովին նորմալ էր թվում», — պատմել է հարևանուհին։

Ողբերգությունից հետո տարածքի բնակիչները սկսել են տան մոտ ծաղիկներ ու մոմեր բերել՝ զոհվածների հիշատակին։ Շատերը խոստովանում են, որ չեն կարող հավատալ տեղի ունեցածին։

Տարածքի բնակչուհի Փաուլա Սմիթը, որը եկել էր տան մոտ, լրագրողներին պատմել է, որ թեև անձամբ չի ճանաչել զոհվածներին, բայց հատկապես ծանր է մտածել երեխաների մասին։

«Մենք այստեղից մի քանի թաղամաս այն կողմ ենք ապրում և գիշերը լսել էինք ուղղաթիռների ձայները, բայց չէինք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ առավոտյան իմացանք այդ երեխաների մահվան մասին։ Սրտաճմլիկ է։ Պետք է արժևորել հարազատներին և չվախենալ օգնություն խնդրել, եթե մարդու համար ծանր է», — ասել է նա։

Որոշ հարևաններ ենթադրում են, որ կինը կարող էր տառապել հոգեկան խնդիրներից, այդ թվում՝ հետծննդյան դեպրեսիայից, սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում առայժմ չկա։

Ողբերգությունը լայն արձագանք է առաջացրել սոցցանցերում և ԱՄՆ հայկական համայնքում։ Օգտատերերը ցավակցում են զոհվածների հարազատներին և կոչ են անում ավելի մեծ ուշադրություն դարձնել հոգեկան առողջության հարցերին ու երիտասարդ մայրերի աջակցությանը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։