
Այսօր Արցախի ներկայացուցչություն էին այցելել մեծ թվով արցախցիներ, նրանց պարզաբանում տրվեց ընտրական իրավունքի վերաբերյալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին։
Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանն իր ելույթում անդրադրաձավ արցախցիների առաջ ծառացած մարտահրավերներին։ Նա ասաց, որ արցախցիների բռնի տեղահանումից երեք տարի հետո թվում էր, թե արցախցիների կյանքն ավելի հեշտ պետք է լիներ Հայաստանում, բայց այդպես չէ։
«Ամեն օր ավելի բարդ իրավիճակում ենք, մեր հայրենակիցներն օրեցօր, ժամ առ ժամ ավելի ծանր իրավիճակում են գտնվում, քան երկու կամ երեք տարի առաջ։ Այս բոլոր գործընթացները, որոնք իրականացնում են այսօր ՀՀ իշխանությունները, անընդունելի են։ Մենք պետք է լինենք միասնական, որ միասին կարողանանք հաղթահարել մեր բոլոր դժվարությունները։ Մենք ունենք արժանապատվություն, ունենք պատիվ եւ մենք չպետք է թույլ տանք, որ այսպիսի իրավիճակի հասցնեն մեզ։ Այս իրավիճակի համար մենք բոլորս էլ գիտենք՝ ովքեր են պատասխանատու, ովքեր են ինչ արել կամ չեն արել։ Երեք տարի է անցել, բնակարանային ծրագրից են խոսում, բայց խնդիրը 10 տոկոսով չի լուծվել։ Եթե այդքան լավն է այդ ծրագիրը, ուրեմն երեք տարվա ընթացքում ավելի շատ մարդիկ պետք է օգտվեին։ Եվ այդ ծրագիրն ընդունելուց հետո արդեն 8 անգամ փոփոխությունների են ենթարկել»,- ասաց նա։
Աշոտ Դանիելյանը նշեց, որ արցախցիների շրջանում ծնելիությունը 4-5 անգամ նվազել է, մահացությունների թիվն ավելացել է, մարդիկ ծանր վիճակում են, հիվանդանոցներ դիմողների թիվն ավելացել է։ «Մեր այսօրվա հավաքի հիմնական նպատակն այն է, որ մի շարք հարցեր կան՝ սկսած իրավականից, վերջացրած մյուս հարցերով: Աշխատանքային խումբ էլ կձեւավորվի, որպեսզի կարողանանք այդ հարցերին լուծում տալ»,- ասաց նա։
Անդրադառնալով Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակին եւ արցախցիների հասցեին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող ատելության խոսքին՝ Աշոտ Դանիելյանն ասաց, որ Հայաստանից ու արտերկրից բազմաթիվ զանգեր են ստացել, մարդիկ ասել են, որ արցախցիների կողքին են։ «Ուղղակի մենք պետք է լինենք համախմբված, մեր որոշումները ճիշտ կատարենք եւ չտրվենք սադրանքների։ Պայքարը շարունակվում է, մենք միջազգային իրավունքներ ունենք։ Եվ իմ վերջին այցելությունները բազմաթիվ երկրներ ցույց են տալիս, որ բոլորի աջակցությունը կա։ Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար՝ հավաքական վերադարձի իրավունքի։ Ոչ ոք չի կարող փակել Արցախի էջը։ Մենք իրավունքներ ունենք եւ մեր իրավունքների համար պայքարելու ենք»,- հայտարարեց Աշոտ Դանիելյանը։