Ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի նստացույցը կլինի 24 ժամ

  • 21:38 01.06.2026

Ի պաշտպանություն արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի՝ այսօրվանից ՀՀ նախագահի նստավայրի մոտ անժամկետ նստացույց է սկսել քաղաքացի Գեղամ Օհանյանը։ Նա նշեց, որ նստացույցն իրականացնելու է 24 ժամ։

Հիշեցնենք, որ արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը կալանավորվել է այն բանից հետո, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հարցադրումներ էր ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան Փաշինյանը գոռգոռացել ու սպառնացել էր Արթուր Օսիպյանին՝ հարցադրում անելով, թե ինչո՞ւ նա չի զոհվել։ Այս միջադեպից հետո Օսիպյանը կալնավորվել է, նա կալանավայրում հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրենից ներողություն խնդրի։

«Արթուր Օսիպյանի Ֆեյսբուքը էջը փակվել է, ինքն իր էջում գրել էր՝ ասեք որտեղ է, գնամ բմբուլները քամուն տամ։ Ուզում եմ այդ արտահայտությանն անդրադառնալ, որովհետեւ իշխող ուժի հետեւորդներն անընդհատ շահարկում են, որ դրա մեջ հանցակազմ կա։ Բմբուլները քամուն տալը դա փոխաբերական իմաստ պարունակող արտահայտություն է, դա չէր կարող տեղի ունենալ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բմբուլներ չունի, որոնք կարող էին քամուն տալ։ Դա օգտագործում են այն դեպքում, երբ ուզում են մեկի հետ մրցել, ենթադրաբար՝ այս պարագայում խոսքի միջոցով։ Այդ բանավեճն ընդհատվեց, եւ Արթուր Օսիպյանը միակողմանի լռեցվեց։ Միակ գործիքը, որ մնացել է Օսիպյանին, հացադուլ անելն է, որին ինքը դիմել է հենց իր ձերբակալման օրը։ Այսօր արդեն 14-րդ օրն է, որ Օսիպյանը հացադուլի մեջ է։ Մենք այսօր մեկնարկում ենք նստացույց, որովհետեւ քաղաքացու կյանքն արդեն վտանգի տակ է գտնվում, մենք նրա փաստաբանի հետ ենք կապ հաստատել, Արթուր Օսիպյանը բավականին հյուծված վիճակում է գտնվում»,- լրագրողներին ասաց Գեղամ Օհանյանը։

Նա նշեց, որ այս ակցիան նախաձեռնել են քաղաքացու սահմանադրական իրավունքների, խոսքի եւ տեղաշարժի ազատությունը պաշտպանելու նպատակով, որը խախտվել է։