
«Թե ինչի համար են իշխանություններն ազատազրկել Արթուր Օսիպյանին, դա բոլորին պարզ է։ Արթուր Օսիպյանը շատ կարեւոր հարցեր ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որոնք Փաշինյանին հունից հանեցին։ Եվ այդ քննարկումը նախընտրական քարոզարշավի շրջանակներում, երբ քաղաքացին հարց է տալիս թեկնածուին իր վարած քաղաքականության վերաբերյալ, տեսանք, թե ինչ տհաճ ավարտ ունեցավ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի կալանքին։
Հիշեցնենք, որ Օսիպյանն արդեն 17 օր է՝ հացադուլ է հայտարարել կալանավայրում եւ պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ տեսնելով, թե ինչպես են զարգանում գործընթացները Հայաստանում եւ Հայաստանի շուրջը, պարզ է դառնում, որ Արթուր Օսիպյանի պես գործիչներն այսօր ձեռնտու չեն ոչ մեկի։
«Ես համարում եմ, որ դա էլ նշանակություն ունի, թե ինչու են Արթուրին շարունակում պահել անազատության մեջ։ Արթուրն իր քաղաքական-հասարակական գործունեությամբ, իր դիրքորոշումներով ապացուցել է, որ եթե վաղը անհրաժեշտություն լինի մեր երկրում դուրս գալ փողոց ու փակել ռուսական ռազմական միջամտության ճանապարհը, ինքն այն մարդկանցից է, որ պատրաստ է դա անել։ Սա եւս կարեւոր հանգամանք է»,- ասաց Ղուկասյանը։
Քաղաքագետի խոսքով՝ սա իշխանության կողմից անզորության դրսեւորում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում հիմնավորել ոչ բանակցությունների «քոքը կտրելու» քայլը, ոչ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու քայլը, ոչ այն աջակցման քայլերը, որոնք Փաշինյանը ցուցաբերել էր Արցախում Արայիկ Հարությունյանին՝ նախագահ ընտրվելու ժամանակ, ոչ էլ իր համագործակցությունն այն մարդկանց հետ, որոնց ինքը հիմա անվանում է «արցախյան կլան»։ «Մենք տեսել ենք այդ համագործակցությունը, եւ գիտենք, որ Արթուր Օսիպյանի՝ այդ մասին տված հարցերը ճշմարիտ էին»,- ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը։
Նա հավելեց, որ չի կարծում, թե այս իշխանությունները վերընտրվելու նկրտում ունեն․ «Եթե Հայաստանի համար եւ-եւ քաղաքականությունը սպառված է, եւ հիմա դրված է կամ-կամ քաղաքականության հարցը, չեմ կարծում, որ Փաշինյանն այդ դեպքում ունի շարունակություն։ Իմ կարծիքով՝ իր միսիան ավարտված է, եւ մենք կարող ենք ականտես լինել Հայաստանում շատ բարդ գործընթացների, ներառյալ արտասահմանյան միջամտության։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը եւ իր կողմնակիցները պայքարում են մեր ինքնիշխանությունը ոչ թե խոսքերով, այլ գործով պաշտպանելու համար։ Իրենք դա չեն արել անցյալում եւ ոչ մի պատճառ չկա մտածելու, որ կանեն հիմա։ Դա կարող են անել Արթուր Օսիպյանի պես մարդիկ, որոնց այսօր փակի տակ են պահում»։