
Հայաստանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։
Ըստ գործող կանոնակարգի՝ Հայաստանի տարածքում ժամը 8:00-ին բացվել են 2005 ընտրատեղամասեր և կփակվեն ժամը 20:00-ին։
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ քվեարկելու իրավունք ունի 2,485,851 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցում է երկու դաշինք և 16 կուսակցություն։
Oragir.News-ի տեղեկություններով` վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են կատարվել։ «Հայաստան» դաշինքի շտաբում առավոտյան 5-ին են սկսվել խուզարկությունները, ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Հասմիկ Սահրադյանը։
Կայքի տեղեկություններով` վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում նաև իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի բնակարանում։
Խուզարկություններ են կատարվում նաև «Ուժեղ Հայաստանի» շտաբներում։
Կան ձերբակալված անձինք, որոնց մասին այս պահին տվյալներ հայտնի չեն։