
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը գիշերը հայտարարությամբ հանդես եկավ՝ «խայտառակ» որակելով հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:
«Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների էինք մենք ենթարկվում, ինչ բռնությունների էինք մենք ենթարկվում: Մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավել մարդ ձերբակալվել են, և այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով՝ որոշեցին ընտրությունների օրը անհասկանալի գործերով զբաղվել: Նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են՝ «առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները», – հայտարարեց տնային կալանքում գտնվող ռուսաստանցի գործարարը:
Կարապետյանի պնդմամբ՝ «տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են, և ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ինչ են ներկայացնելու»:
«Վստահ եղեք՝ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, […] ինքը, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը», – հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:
Կարապետյանը վստահեցրեց, որ «իրենց գործերը լավ չեն գնում, իրենք ընդամենը 30 տոկոս տվյալներ ունենալով հայտարարում են, որ արդեն հաղթել են»: «Բայց դուք գիտեք, որ 30 տոկոսը դա ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են, հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել: Դրա համար անցան հատուկ գործողությունների, և մենք նույնիսկ պատկերացում չունենք՝ ինչ գործողությունների», – պնդեց նա:
«Դրա համար ես ուզեցի տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են, և անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել և անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին», – ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը: