Դիտորդներ․ նախընտրական ճնշումներ եղել են, բայց ոչինչ

  • 19:56 08.06.2026

Հայաստանում ընտրությունների եվրոպացի դիտորդական առաքելության կազմում ԵԽԽՎ պատվիրակության ներկայացուցիչ Էդիթ Էստրելան կարծում է, որ ընտրություններն անցել են արտաքին ճնշումներով լի և լարված աշխարհաքաղաքական մթնոլորտում։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը փորձել է օգտագործել բոլոր հնարավորությունները և «ընտրություններին միջամտելու իր ողջ հարուստ փորձը»՝ Հայաստանին իր ազդեցության գոտում պահելու համար։

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչն իր հերթին փաստել է նախընտրական քարոզարշավի ընթացքում մրցակիցների բևեռացված հռետորաբանությունը, արտաքին ազդեցությունն ու մի շարք խախտումներ։

Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն նշել է, որ «չնայած ճնշումներին՝ քաղաքացիները կարողացան իրացնել ազատ կամարտահայտման իրենց իրավունքը։ Ժողովրդավարությունը նաև արդյունքների ընդունումն է»։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Յանեշ Լենարչիչն ակնարկել է, որ ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը կարող էին ազդեցություն ունենալ Հայաստանի ընտրությունների վրա:

Նա նշեց, որ ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների, պատժամիջոցների և ամենօրյա սպառնալիքների մթնոլորտում, քանի որ դրանք վերաբերում էին քվեարկության այս կամ այն արդյունքի դեպքում սպասվող հետևանքներին։ Նախընտրական քարոզարշավը եղել է ծայրահեղ բևեռացված և ուղեկցվել է սադրիչ ու վիրավորական հռետորաբանությամբ:

Եվրոպացի դիտորդները վարչական ռեսուրսի համակարգված կիրառում չեն արձանագրել, սակայն բազմաթիվ հաղորդումներ են ստացել (որոնց մի մասը բավականին արժանահավատ է) իշխող կուսակցության կողմից ընտրողների նկատմամբ գործադրված ճնշումների մասին: Սա, տնտեսական բնույթի քայլերի հետ մեկտեղ, իշխանությանը դրել է ավելի շահեկան դիրքերում: Դրան գումարվել են ընդդիմության նկատմամբ ճնշումները, ընդդիմադիրների ձերբակալություններն ու հետապնդումները, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել ընդդիմադիր միջոցառումների մասնակցության ցուցանիշների վրա: Սոցիալական մեդիայի մոնիթորինգը ցույց է տվել նաև մրցակիցներին վարկաբեկելու նպատակով արհեստական բանականության կիրառման փորձեր։

Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ուներ «արտաքին ճնշումներ և ազդեցություն» ասելով՝ առաքելության ղեկավարը պարզաբանել է, որ արտաքին ճնշումները Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառված սահմանափակումներն են, նաև ԵՄ-ից և ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյաների կատարած այցերը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում։

«Հայ Առաքելական եկեղեցին, որը ավանդաբար խորապես հարգված է երկրում, նույնպես ենթարկվել է հետապնդումների։ Սա հանդիսանում է Երևանի կողմից ազատ ընտրություններ անցկացնելու ժողովրդավարական սկզբունքների և ընթացակարգերի կոպիտ խախտում», – նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին քննադատել է ԵՄ-ին Հայաստանում ընդդիմության անդամների ձերբակալությունների վերաբերյալ լռության համար։

«Ընտրություններից առաջ Հայաստանում ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, և Եվրամիությունը չի արձագանքել այս փաստին», – Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Պապուաշվիլին։