
Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանն ազատ է արձակվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից։
Իր փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի հետ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից՝ Արթուր Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ պայքարը դեռ նոր է սկսվում։
«Ես կխորհրդակցեմ իրավաբանների հետ, իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությունները, երբ ինձ ձերբակալել են, եւ ինքը հետեւիցս հայտարարություններ է արել, թե՝ ինչո՞ւ չես մահացել, ինչո՞ւ չեք գնում այստեղից, սրա տակ կա քրեական հանցագործություն։ Եթե սրա տակ իրոք կա քրեական հանցագործություն, մենք անպայման դիմելու ենք դատախազություն ու պահանջենք, որ օրենքով գնան մինչեւ վերջ։ Մենք շատ լավ գիտենք՝ դատախազն ինչպես է աշխատում, դատարաններն ինչպես են աշխատում, դրանով էլ չենք սահմանափկավելու, ընդհուպ մինչեւ միջազգային դատարան դիմելու ենք, մինչեւ հասնենք մեր նպատակին, որովետեւ այս բեսպրեդելին պետք է վերջ տանք։ Հարցերը ներկայացված են հենց Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ, սրան պետք է ընթացք տալ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետությանը նոր վտանգների առջեւ է կանգնեցնում, նոր ցեղասպանության ու սպառնալիքի տակ է դրել, սա մեր խնդիրն է՝ կանխել ու թույլ չտալ, որպեսզի նման հանցագործները որոշեն ազգի ճակատագիրը»,- ասաց նա։
Արթուր Օսիպյանը նշեց, որ չեն կարող իրենց բանտով վախեցնել․ «Ոչ մի բանով մեզ չես վախեցնելու։ Այո, մենք էլի կարող է գանք բանտ, բայց որ դու գաս բանտ, էլ ստեղից դուրս չես գալու, որովհետեւ քո նկատմամբ մեղադրանքներն ու քո գործած մեղքերը շատ կոպիտ են»։
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ մարդու գլխին սարքողն ինքն իր գլխին է սարքում, տակից պիտի դուրս գա։ Այնպես չէ, որ դուրս եկա, պետք է մոռանանք, չէ, սա հետեւանքներ է ունենալու։ Սա դեռ սկիզբն է, Նիկոլը թող դիմանա, հլա նոր ենք սկսում»,- հայտարարեց Օսիպյանը։
Մայիսի 18-ից նա հացադուլ էր հայտարարել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանին սուր հարցադրումներ էր ուղղել ու ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։ Այսօր դատախազութունը հաղորդագրություն տարածեց, որ հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով: