Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

  • 22:26 15.06.2026

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի արդեն ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։

Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:

Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում: