Ո՞վ է հաղթել՝ Իրանը՞, թե՞ Իսրայելը․ ամերիկա-իրանյան սահման Հայաստանով

  • 13:05 16.06.2026

Իրանը և Իսրայելը հայտարարում են պատերազմում հաղթանակի մասին։ Թեկուզ փորձագետները դժվարանում են ասել, թե ինչ է ստացել ԱՄՆ-ը պատերազմի արդյունքում, եթե Օրմուզի նեղուցը մնա Իրանի վերահսկողության տակ։ Սակայն բոլորը համակարծիք են, որ Իրանի դերը տարածաշրջանում կբարձրանա, Իսրայելի դերը՝ կսահմանափակվի։ Իրան-ամերիկյան հաշտեցման դեպքում “Թրամփի ճանապարհը” կարող է վերածվել Հայաստանի տարածքով ամերիկա-իրանյան սահմանի։ 

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմը լիովին «վարկաբեկել է Ամերիկային» և արագացրել « իսրայելական հանցավոր ռեժիմի փլուզումը», հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանին։

Իրանցի գեներալը նշել է, որ «Հեզբոլա»-ն, որը ներկայացնում է Լիբանանի ողջ շիա համայնքը և ոչ շիա համայնքի մեծ մասը, «չի կարող փլուզվել», ապա զգուշացրել է, որ այն ամենն ինչ արել է խմբավորումը, դեռ «սառցաբեկորի գագաթն է» միայն։

Իրանցի գեներալը նաև նշել է, որ Թեհրանի խաղաքարտերից է նաև Բաբ ալ-Մանդեբի նեղուցը, որով Արաբական ծովը միանում է Կարմիր ծովին: Նա պնդել է, որ այս ընթացքում ԱՄՆ ժամանակակից ռազմանավերը «չեն համարձակվել» անցնել նեղուցով:

ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողության ընթացքում Իսրայելը «գլխատեց Իրանի ղեկավարությանը», «միջուկային օբյեկտները փոշի դարձրեց» և հարվածեց Իրանի հրթիռային ծրագրին՝ միջուկային ոչնչացման սպառնալիքը կանխելու համար: Այս մասին հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում։

Նա հայտարարեց, որ Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, չեզոքացրել է Իրանի միջուկային գիտնականներին, գլխատել է Իրանի ղեկավարությանը, ոչնչացրել է միջուկային օբյեկտները, հրթիռները և հրթիռների արտադրության գործարանները, ինչպես նաև հարվածել է ռազմական ենթակառուցվածքներին, ոչնչացրել Իրանի նավատորմն ու ռազմաօդային ուժերը, չեզոքացրել է Բասիջի հրամանատարներին՝ «հսկայական վնաս» պատճառելով Իրանի տնտեսությանը։

Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանը «շտապում էր դեպի միջուկային զենք» և շտապ թաղում էր իր հրթիռային և միջուկային արդյունաբերությունը սարերի տակ: «Եվ մենք կանխել ենք այս սպառնալիքը՝ Իսրայելի բնակչության ոչնչացման սպառնալիքը, առաջիկա տարիների համար», – հավելեց վարչապետը։

«Միևնույն ժամանակ, մենք արեցինք ևս մեկ բան. մենք ստեղծեցինք խորը անվտանգության գոտիներ Իսրայել պետության շուրջ։ Մենք դա արեցինք Գազայում, Լիբանանում, Սիրիայում, որտեղ, ի դեպ, ոչնչացրինք [Սիրիայի նախկին նախագահ Բաշար] Ասադի բանակի բոլոր զենքերը, որը «Չարիքի առանցքի» կենտրոնական օղակն էր», – ասաց նա։

Արդյո՞ք Իսրայելը ստիպված կլինի դուրս գալ ստեղծած նոր գոտիներից։