
Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին այսօր հայտարարել է, որ «անհրաժեշտ է շարունակական աջակցություն ցուցաբերել եւ հետագա ինտեգրման միջոցառումներ իրականացնել Ղարաբաղից տեղահանված հայերի համար, ովքեր տեղափոխվել են ՀՀ»։
Հանձնակատարը հանդես է եկել առաջարկություններով՝ հաշվի առնելով, որ իրավիճակը արտակարգ փուլից անցնում է երկարաժամկետ ինտեգրման փուլ։ Նա նշել է իշխանությունների կողմից ձեռնարկված դրական քայլերը, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի հասանելիության հեշտացմանն ուղղված ջանքերը եւ աջակցության ծրագրերը։
Միաժամանակ, հանձնակատարը նշել է, որ «Ղարաբաղից տեղահանված բազմաթիվ հայեր դեռեւս պայքարում են Հայաստանում լիարժեք իրավունքներից եւ հնարավորություններից օգտվելու համար»՝ ընդգծելով մի շարք մարտահրավերներ։
Շատերը մնում են առանց Հայաստանի քաղաքացիության, ինչը սահմանափակում է նրանց հնարավորությունն օգտվելու մի շարք արտոնություններից եւ իրավունքներից։ Ինքնության եւ այլ կարեւոր փաստաթղթերի վերականգնման դժվարությունները խոչընդոտում են նրանց կենսաթոշակներից, աշխատանքից, կրթությունից եւ բնակարանային աջակցությունից օգտվելու հնարավորությունը։
Հանձնակատարը նաեւ նշում է համապարփակ ինտեգրման ռազմավարության բացակայությունը եւ Ղարաբաղից տեղահանված հայերի հետ անբավարար խորհրդակցությունները՝ նրանց կյանքին առնչվող քաղաքականությունների ձեւավորման գործընթացում։
Օ’Ֆլահերթին նշել է, որ տեղահանված կանայք բախվում են բռնության բարձր ռիսկերի, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական ճնշումների աճի՝ այդ թվում՝ գենդերային, ամուսնական եւ խնամքի հետ կապված։
«Կանայք, հատկապես տեղահանվածները, ովքեր խտրականության բազմաթիվ ձեւերի են բախվում, ավելի մեծ դժվարություններ են ունենում աջակցության եւ պաշտպանության մեխանիզմներին հասանելիություն ունենալու հարցում», – ասում է նա։
Ըստ հանձնակատարի, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը շարունակում է կարեւոր լինել տեղահանված հայերի համար։ Ընթացիկ խաղաղության գործընթացի եւ այդ հարցի զգայուն լինելու համատեքստում հանձնակատարը կոչ է արել ՀՀ իշխանություններին ապահովել, որպեսզի տեղահանված անձինք լիովին տեղեկացված լինեն եւ աջակցվեն իրենց ապագայի վերաբերյալ ազատ ընտրություններ կատարելու հարցում։
Հանձնակատարի առաջարկությունները Հայաստանի իշխանություններին ներառում են, բայց չեն սահմանափակվում հետեւյալով.
• ընդունել համապարփակ, մարդու իրավունքների վրա հիմնված ինտեգրման ռազմավարություն՝ խորհրդակցելով Ղարաբաղից տեղահանված հայերի հետ»;
• մոնիթորինգի ենթարկել եւ հարմարեցնել ինտեգրման միջոցառումները՝ տեղահանվածների զարգացող կարիքներին համապատասխան, մասնավորապես՝ բնակարանային աջակցություն եւ ֆինանսական օգնություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին;
• շարունակել պարզեցնել եւ հեշտացնել քաղաքացիության եւ փաստաթղթերի վերականգնման հասանելիությունը, ինչպես նաւ երկարաձգել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է;
• ուժեղացնել տեղահանված կանանց եւ աղջիկների պաշտպանության եւ աջակցության ծառայությունները։
Հանձնակատարը կոչ է արել շարունակել միջազգային հանրության ներգրավվածությունը՝ Ղարաբաղի տեղահանված հայերի ինտեգրման գործընթացում առաջընթացը պահպանելու համար։