
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հընթացս կզբաղվենք ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով»։
Ըստ Նիկոլի շրջապատում տարածվող աղբյուրների, Փաշինյանը հասկանալով, որ տնտեսությանը հասցվելու է սարսափելի հարված Ռուսաստանի պատժամիջոցների հետևանքով, ներքին կարգով դիմել է ՌԴ ղեկավարությանը առաջարկելով հանրաքվե անցկացնել ԵՄ, թե ԵԱՏՄ հարցով` մինչեվ տարվա վերջ, զուգահեռաբար հանրաքվեում դնելով նաև սահմանադրական փոփոխությունների հարցը։
Փաշինյանը սակայն կանխատեսում է, որ կպարտվի երկու հարցում էլ և վարչապետի պաշտոնը, կրկին ըստ վերոնշյալ լուրերի, խոստանում է փոխանցել ԵԱՏՄ-ում Հայաստանը ներկայացնելու փորձ ունեցող Մհեր Գրիգորյանը, ինչը ենթադրում է, որ մի կողմից ԵՄ-ի հետ սերտաճման կուրսի սառեցում, մյուս կողմից Թուրքիայի եվ Ադրբեջանի պահանջների մերժում։
Դրա դիմաց Նիկոլը խնդրում է դադարեցնել Հայաստանի ապրանքների հանդեպ պատժամիջոցները, իսկ իրեն նախատեսում է ՀՀ-ում ոչինչ չորոշող Վահագն Խաչատրյանի պաշտոնը։
Դատելով նրանից, որ պատժամիջոցները ոչ միայն չեն հանվել, այլ մի բան էլ սրվել են, իսկ ՌԴ նախագահի կողմից այդպես էլ Փաշինյանը շնորհավորանք չի ստացել, Նիկոլի առաջարկը ՌԴ-ում հավանության չի արժանացել»։
Խմբ․ Հունիսի 7-ի քվեարկությունից մի քանի օր առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ գագաթնաժողովին, որտեղ եվրասիական նախագահները նրան ընդունել են հավասարի պես, նույնիսկ ասել, որ “նա ամեն ինչ լավ հասկանում է”։ Գրիգորյանը, ինչպես հայտնի է, Կառավարությունում հայտնվել է ԲՀԿ քվոտայով 2018-ին։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2026-ի ընտրություններում այդպես էլ չի ասել վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Եւ ենթադրվում էր, որ ընդդիմության հաղթանակի դեպքում վարչապետի կոալիցիոն թեկնածու կլիներ հենց Մհեր Գրիգորյանը։
Հիմա դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի ընտրական պրոցեսը․ կվերցնե՞ն արդյոք ընդդիմադիր կուսակցությունները մանդատները, թե՞ նոր ընտրություններ կլինեն։ Պարզ չէ, թե ի՞նչ կանի Ռուսաստանը, կփլուզի՞ հայկական տնտեսությունը, Եվրոպայի աջակցությունը կբավարարի՞ վնասները փոխհատուցելու համար։ Եւ ամենակարևորը՝ ի՞նչ են պայամանավորվել Ֆիդանն ու Պուտինը Կազանում 3+3-ի շրջանակներում, ինչպե՞ս է Թրամփը տնօրինելու հայ-իրանական սահմանը, որը կոչվում է “Թրամփի ճանապարհ”, բայց թուրք ազգայնականները անվանում են այն “Թուրանի կորիդոր”, կոչ անելով “վերացնել բոլոր խոչընդոտները”։ Իսկ խոչընդոտը Հայաստանն է։