
Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալիք Ուկրաինայի վերականգնման URC-2026 միջազգային համաժողովի նախօրեին, որին մասնակցելու է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ պետքարտուղարի արտաքին օգնության, մարդասիրական հարցերի և կրոնական ազատությունների հարցերով տեղակալ Ջերեմի Լևինը հայտարարել է, որ Ուկրաինան առավելություն ունի Ռուսաստանի դեմ պատերազմում։
Նրա կարծիքով, առաջնագծում առկա իրավիճակը արմատապես տարբերվում է Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբում ուժերի հավասարակշռությունից։ Նա նշել է, որ Կիևն այժմ առաջատար դիրք է գրավում Ռուսաստանի հետ ռազմական դիմակայությունում։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունները Ուկրաինայի և նրա գործընկերների միջև շարունակական համագործակցության արդյունք են։ Ֆրանսիայի Էվիան քաղաքում վերջերս կայացած G7 գագաթնաժողովը ցույց տվեց ԱՄՆ, Եվրոպայի և Ուկրաինայի առաջնորդների լայն կոնսենսուսը, և սա հաստատում է Կիևի կարողությունը հարմարվելու և հաղթանակ տանելու պատերազմում, շարունակել է նա։
Նա ընդգծեց, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
Զելենսկին ինքը պնդում է, որ Ուկրաինան նախաձեռնությունն է ստանձնել պատերազմում։ Նա նշում է, որ Բելառուսին թույլ չեն տվել պատերազմի մեջ մտնել, որ Ռուսաստանում նավթային օբյեկտները այրվում են, որ վառելիքի պակաս է սկսվել, և որ բոլոր հակաօդային պաշտպանությունները կենտրոնացված են Մոսկվայի և Պուտինի Վալդայի նստավայրի շուրջ։ Ավելին, նա մատնանշում է կռվող ռուսների դժգոհությունը։
Վերլուծաբանները, սակայն, նշում են Մոսկվայի տարօրինակ լռությունը՝ համարելով սա ոչ ավանդական զենքի կիրառման նախապատրաստություն։ Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների՝ հիմնվելով Ստամբուլի համաձայնագրերի վրա, սակայն Զելենսկին գործնականում չի արձագանքել։
Վերլուծաբանները նաև նշում են, որ Ուկրաինայի և Արևմուտքի կողմից Ռուսաստանում ժողովրդական դժգոհություն առաջացնելու փորձերը կարող են հակառակ արդյունք տալ. ժողովուրդը կպահանջի կառավարությունից ոչ թե հետ քաշվել, այլ ավելի արմատական քայլեր ձեռնարկել Ուկրաինայի դեմ։
Ավելին, Ռուսաստանը կարող է մտածել, որ իրեն այլընտրանք չեն թողնում, և միջուկային հարված հասցնել։
Դոնալդ Թրամփը, կարծես, Ուկրաինայում խաղաղարար ջանքերը «զիջել» է եվրոպացիներին։ Սա արդեն հանգեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականին։ Ո՞վ կլինի հաջորդը։