
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ծրագրում է կիրակի օրը նախարարների կաբինետին առաջարկել բանաձև՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին, գրում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
«Այս քայլը, անշուշտ, կհարուցի դիվանագիտական հակառակորդ Թուրքիայի դժգոհությունը։ Հայերը վաղուց են ձգտում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած սպանությունների միջազգային ճանաչմանը որպես ցեղասպանություն, որոնց հետևանքով, առկա տվյալներով, զոհվել է շուրջ 1,5 միլիոն նրանց հայրենակից։ Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությունն է, վճռականորեն մերժում է այն պնդումը, որ հայերի զանգվածային սպանությունները, բանտարկությունները և բռնի տեղահանությունները հավասարազոր են եղել ցեղասպանության։ Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր այդ սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց՝ հարցի դիվանագիտական զգայունության պատճառով, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը, որը բազմիցս մեղադրել է Իսրայելին Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ, վերջին տարիներին ստիպել է նրան որոշակի քայլեր ձեռնարկել ճանաչման ուղղությամբ»,- նշվում է լրատվամիջոցի հրապարակման մեջ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը շահագործում է Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ իր հարաբերություններում: Նախորդ փորձերը սովորաբար հանգեցրել են Թուրքիայի հետ հերթական պայմանավորվածության: Սակայն հիմա, երբ Իսրայելը բացահայտ խոսում է իր սեփական պետականությանը սպառնացող վտանգի մասին, իսկ Թրամփը Էրդողանին անվանում է «մեծ» առաջնորդ, Հայոց ցեղասպանության հարցը հատկապես արդիական է դարձել Իսրայելի համար: