
«Amsterdam & Partners LLP» փաստաբանական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Պարոն Սամվել Կարապետյանի իրավախորհրդատու Ռոբերտ Ամստերդամը նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որի պատճենն ուղարկվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասին, Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով հանձնակատար ՝ Մարտա Կոսին և ԵՄ Ժողովրդավարության, արդարադատության, իրավունքի գերակայության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնակատար Մայքլ ՄաքԳրաթին։
Ռոբերտ Ամստերդամը թվարկել է մի շարք խախտումներ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ որպես հնարավոր պատճառներից մեկը նշելով եվրոպական ղեկավարության վերաբերմունքը։ «Ես գրում եմ՝ պաշտոնապես և միանշանակ հաստատելու համար, որ Եվրոպական հանձնաժողովը կրում է տեղի ունեցածի համար ուղղակի քաղաքական և իրավական պատասխանատվություն, և ձեզ տեղեկացնելու հետևանքների մասին», – գրել է Ամստերդամը։
“Մեկ այլ լուրջ թերություն էր Արցախից տեղահանված զգալի թվով հայերի դուրսմղումը ընտրողների զանգվածից: Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ տեղահանված անձինք ունեին «070» կոդով տրված հայկական անձնագրեր: Այդ փաստաթղթերը երկար ժամանակ ծառայել են որպես Հայաստանի քաղաքացու ինքնությունը հաստատող և ճամփորդական փաստաթղթեր, սակայն իշխանությունները դրանք համարեցին անբավարար խորհրդարանական ընտրություններում քաղաքացիություն կամ ընտրական իրավունք շնորհելու համար:
Ուստի, տեղահանված արցախահայերից պահանջվում էր անցնել հպատակագրման (քաղաքացիության ստացման) կամ անձնագրի փոխարինման առանձին գործընթաց՝ նախքան ընտրացուցակներում ընդգրկվելը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (OSCE/ODIHR) զեկուցել է, որ ընտրությունների օրվանից առաջ ընտրացուցակներում ավելացվել է վերջերս քաղաքացիություն ստացած տեղահանված 20,101 հայ փախստական, սակայն շուրջ 6,000 այլ դիմումներ մնացել են ընթացքի մեջ՝ զրկելով այդ դիմումատուներին քվեարկելու հնարավորությունից: Ընտրական իրավունքից զրկման իրական ծավալները կարող են զգալիորեն ավելի մեծ լինել. տարածաշրջանային զեկույցներն ու քաղաքացիական հասարակության պնդումները թույլ են տալիս ենթադրել, որ տասնյակ հազարավոր արցախահայեր մնացել են ընտրողների զանգվածից դուրս, ընդ որում՝ տուժած չափահաս բնակչության թիվը, ըստ գնահատականների, հասնում է մինչև 70,000-ի:
Տեղահանված այսպիսի մեծաթիվ բնակչության դուրսմղումը՝ հատկապես քաղաքացիության վիճահարույց դասակարգումների և վարչական հապաղումների պատճառով, լուրջ մտահոգություններ է առաջացնում ընտրությունների համառազմավարական բնույթի (ներառականության) ու հավասարության, ինչպես նաև այն մասին, թե արդյոք վերջնական արդյունքն արտացոլել է բոլոր այն անձանց կամքը, ովքեր Հայաստանում քաղաքական մասնակցության օրինական իրավունք ունեին”, ասված է նամակի մեջ: