Ռուսաստանը գոհ է Փաշինյանից. ամեն ինչ վերահսկողության տակ է մնում, այդ թվում՝ ՀՕՊ-ը

Հայաստանը դեռևս որևէ ազդանշան չի տվել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ, RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա հավելել է, որ ռուսական ռազմական ներկայությունը որպես օկուպացիոն գործիք ներկայացնելու փորձերը «խափանվում են տեղի բնակչության կողմից ռուսական ռազմաբազայի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի պատճառով»։

Ռուսական պետական ​​«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ 102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում՝ համաձայն Մոսկվայի և Երևանի միջև 1995 թվականի միջպետական ​​պայմանագրի։ «Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի օդային բաղադրիչը «Էրեբունի» ավիաբազան է, որը տեղակայված է Երևանում։ Ավիաբազայի անձնակազմը մարտական ​​հերթապահություն է իրականացնում՝ ԱՊՀ պետությունների միացյալ օդային պաշտպանության համակարգի շրջանակներում», – նշում է «Սպուտնիկ»-ը։

Ռուսաստանը հաստատում է, որ չնայած իր «հակառուսական» կերպարին, Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի պահանջում 102-րդ ռուսական բազայի դուրսբերումը, այլև աջակցում է բազայի գործունեությանը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, որը, պարզվում է, պաշտպանում է Հայաստանի երկինքը՝ որպես ԱՊՀ օդային պաշտպանության համակարգի մաս։

Սա հարց է առաջացնում՝ արդյոք Հայաստանի կողմից այլ երկրներից գնված հակաօդային համակարգերը նույնպես կինտեգրվեն ԱՊՀ ՀՕՊ համակարգին։