
Աշխատանքային այցով հուլիսի 2–ին Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհուրդ է տվել Երևանին, թե ինչպես խուսափել էներգետիկ ճգնաժամից այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները կամ բարձրացնի դրա գինը։ Խորհուրդը հնչել է Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք էներգետիկ դիվերսիֆիկացիայի հարուստ փորձ ունենք», – հայտնել է եվրադիվանագետը՝ վկայակոչելով Ուկրաինայում և Մոլդովայում, ինչպես նաև հենց Եվրոպայում ձեռք բերված փորձը։ ԵՄ-ն Հայաստանի ներքին էներգետիկ ներուժի զարգացմանը նպաստելու համար կհատկացնի 25 մլն եվրո։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ. «Ապաշրջափակման համատեքստում, տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ, կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը»։
Լայենն ու Փաշինյանը էներգետիկայի համատեքստում չեն խոսել Հայկական ատոմակայանի և Հայաստան-Իրան կապերի զարգացման մասին։ Չեն քննարկել նաև այն տարբերակը, եթե Ռուսաստանը չդադարեցնի գազի մատակարարումները Հայաստան և չբարձրացնի գազի գինը։ Այս կարևոր ասպեկտները չհիշատակելը նշանակում է, որ խնդիրը Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան չէ, այլ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա կապի ստեղծումը և Իրան-Հայաստան մատակարարումների տորպեդավորումը։
Գրելով Ֆոն դեր Լայենի Հարավային Կովկաս շրջայցի մասին, Euronews-ը ընդգծել է, որ Լայենը Ադրբեջանին կոչել է ԵՄ-ի առանցքային գործընկեր՝ ընդգծելով նրա դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ աշխարհաքաղաքական անկայունության ֆոնին։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին ադրբեջանական գազի մատակարարումների կշիռը Եվրոպա 4 տոկոսից բարձրացել է 7 տոկոսի։ Թեկուզ նույնիսկ ԵՄ-ում բացահայտ ասում են, որ Ադրբեջանով հիմնականով ռուսական գազ է մատակարարվում։ Հայաստանի դեպքում նույնպես ռուսական գազ կմատակարարվի՝ ոչ թե Վրաստանով, այլ Ադրբեջանով։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ԵՄ Global Gateway նախաձեռնությունը մինչև 200 մլն եվրոյի դրամաշնորհներ կտրամադրի Հարավային Կովկասի երկրներում նախագծերի համար՝ մինչև 2 մլրդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ մոբիլիզացնելու հնարավորությամբ։
Նույն օրը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը, ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Անկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ կենտրոնանալով տարածաշրջանային անվտանգության, միգրացիայի, առևտրի և կապակցվածության վրա։
Զուգահեռ այցերն արտացոլում են Հարավային Կովկասի և Թուրքիայի հետ կապերի ամրապնդման ԵՄ-ի ավելի լայն ռազմավարությունը, գրում է Euronews-ը։