«Ուժեղ Հայաստանը» որոշեց վերցնել մանդատները

«Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, հայտարարել է «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք փոփոխության հնարավորություն եւ այսպիսով մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր կողմիցվ մանդատները վերցնելն է եւ ներկայացվածությունն է ԱԺ–ում, որը վաղը կաջակցի նաեւ փողոցային պայքարին»,– ասել է նա։

Իր խոսքում Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը նորանկախ Հայաստանի պատմության ամենաթույլ վարչապետն է։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս ընտրություններն առաջին անգամ հստակ ցույց տվեցին, որ Հայաստանի վարչապետն այլևս չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Այսօր երկիրը ղեկավարում է մի վարչապետ, որը չունի ժողովրդի հստակ և ուժեղ մանդատը։ Նիկոլ Փաշինյանը կիրառեց իշխանական ռեսուրսի գրեթե բոլոր այն մեթոդները, որոնք բնորոշ են ոչ ժողովրդավարական վարչակարգերին, սակայն նույնիսկ այդ պայմաններում չկարողացավ ստանալ մեծամասնության աջակցությունը։ Նա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաթույլ վարչապետն է, և սա հայ ժողովրդի համախմբվածության ու փոփոխության կամքի ամենավառ ապացույցն է»,- նշել է Կարապետյանը ՝ շնորհակալություն հայտնելով իրենց ընտրած եւ սատարած յուրաքանչյուր քաղաքացուն։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ մեկ բան հստակ է՝ ՀՀ ժողովուրդը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի դեմ, մերժել է եկեղեցու դեմ պայքարը եւ ազգային ինքնության թուլացման քաղաքականությունը, սահմանադրությունը փոխելու եւ ազգային շահերի հաշվին զիջումների գնալու ծրագիրը։

«Չնայած վարչական ճնշումներին, ընտրախախտումներին, Փաշինյանը չկարողացավ ստանալ հաշվարկված ձայների մեծամասնությունը, նա չկարողացավ իրականացնել իր գլխավոր քաղաքական նպատակը՝ սահմանադրական մեծամասնության ապահովումը։ Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ ՔՊ–ի իրական աջակցությունը ավելի ցածր էր, քան պաշտոնապես հրապարակված թվերը։ Եթե ընտրությունները լինեին իրապես ազատ, անկախ եւ մրցակցային ՀՀ այսօրվա վարչապետը լինելու էր Սամվել Կարապետյանը»,– ասաց նա։

Նարեկ Կարապետյանը նշեց, որ ժողովրդին խոստացել են հաղթանակ եւ այդ հաղթանակը բերելու են։

«Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը»,– ասաց նա: