Գիշերային հարձակում Կիևի վրա. բալիստիկ հրթիռները խփելու համար ոչինչ չկա

Ռուսաստանի ամենամեծ ավիահարվածներից մեկից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նկարագրեց Կիևի և շրջակա տարածաշրջանի վրա հարվածի հետևանքները և կոչ արեց արևմտյան դաշնակիցներին ամրապնդել Ուկրաինայի ՀՕՊ համակարգը:

Նա հայտնեց, որ հուլիսի 6-ի գիշերը Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի դեմ իր ամենամեծ համակցված հարվածներից մեկը՝ արձակելով 68 հրթիռ և 351 հարձակողական անօդաչու թռչող սարք: Հիմնական հարվածը հասցվել է Կիևին, որտեղ վնասներ են գրանցվել ավելի քան տասը վայրերում, այդ թվում՝ բնակելի շենքերում: Մինչ այս պհը մայրաքաղաքում հայտնի էր տասնմեկ մարդու զոհվելու մասին, վիրավորվել է մոտ 60-ը:

Զելենսկին կոչ արեց ԱՄՆ-ին և եվրոպացի գործընկերներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշումներ կայացնել, որոնք կամրապնդեն Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանությունը: «Քանի դեռ Patriot հրթիռները մնում են դաշնակիցների պահեստներում, սա միայն խրախուսում է Ռուսաստանին շարունակել «հաղթել» բնակելի շենքերը», – հայտարարեց նախագահը՝ հավելելով, որ արևմտյան երկրներն ունեն բոլոր հնարավորությունները՝ կանգնեցնելու ռուսական ահաբեկչությունը քաղաքացիական բնակչության դեմ:

Հուլիսի 6-ի գիշերը Ուկրաինայի ՀՕՊ-ն չկարողացավ խփել բալիստիկ հետագծերով թռչող 29 ռուսական հրթիռներից և ոչ մեկը՝ Patriot համակարգերի համար խափանող սարքերի պակասի պատճառով: Այս մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի խոսնակ գնդապետ Յուրի Իգնատը։ Գրանցվել է ընդհանուր առմամբ 419 ավիահարված։ 34 վայրերում գրանցվել է քսանինը բալիստիկ հրթիռ (ներառյալ՝ հականավային հրթիռներ) և 18 հարձակողական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև բեկորներ են ընկել 16 վայրերում։