Ծառուկյանին ձերբակալեցին, աշխատակիցներին ուղարկեցին արձակուրդի, կենդանիներին քնեցրին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին ու տեղափոխում են քննչական մարմին, այնտեղից էլ դատարան` ներկայացնելու համար կալանքի միջնորդություն։ Այդ մասին Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Սարգսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է հայ–իրանական համատեղ առևտրային պալատին, որի ստեղծմանը նպաստել է նաև Ծառուկյանը` լուրջ ներդրում կատարելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում։
«Մեկ տասնյակ ընկերություններում, որոնք գործում են «Մուլտի գրուպի» կազմում, խուզարկություններն ավարտվել են։ Այս պահի դրությամբ կապարակնքվել են Ծաղկաձորում և Աբովյանում գտնվող Ծառուկյանին պատկանող հյուրանոցներն ու ռեստորանները։ Այս ընկերությունները դադարեցրել են իրենց գործունեությունը, շուրջ 7000 աշխատակից այսօրվանից սկսած հարկադիր պարապուրդի մեջ են։ Հասկանալի է, չէ՞, թե այս ամենը տնտեսական տեռորի ինչ էլեմենտներ է պարունակում»,– նշեց Ծառուկյանի մամոիլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ խուզարկությունն ավարտվել է նաև Ծառուկյանին պատկանող ընդունելությունների տանը, որտեղ պահվում էին նաև կենդանիներ. նրանց բոլորին ՀՀ բնապահպանական տեսչական մարմինը քնեցրել է և տեղափոխել այլ վայր։