
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Իրանի դեմ հարվածների վերսկսելու մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, որպեսզի «ավելի վատթարացնեն Իրանի կարողությունը՝ սպառնալու Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը», – ասվում է հրամանատարության X-ում տարածված հայտարարության մեջ։
Հարվածների նոր ալիքն արդեն ավարտվել է՝ խոցվել են 90 թիրախներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային կառույցներ և Իրանի ափի երկայնքով գտնվող լոգիստիկ ենթակառուցվածքներ, ըստ ԱՄՆ ռազմական մեկ այլ հայտարարության։
Պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդել է Բանդար Աբբասում, Չաբահար, Քոնարակ և Սիրիկ քաղաքներում, ինչպես նաև Լավան կղզում տեղի ունեցած պայթյունների մասին։ Պայթյուններ են գրանցվել Իրանիշահր քաղաքի օդանավակայանի տերմինալի շենքում և թռիչքուղու վրա։ Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հրթիռը վնասել է երկրի հյուսիսում գտնվող երկաթուղային կամուրջը։ Կիսապաշտոնական Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պայթյուններ են լսվել նաև Բուշերում։ Նավահանգստային քաղաքում գտնվում է ատոմակայան, բայց կայանը չի վնասվել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան բազաների ոչնչացման մասին, հաղորդում է Mehr-ը։
«Ամերիկացիների նկատմամբ պատժիչ գործողությունների առաջին փուլում ԻՀՊԿ ռազմածովային և ավիատիեզերական ուժերը, թշնամու հարձակումներից մեկ ժամ անց, համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում, ոչնչացրել են կարևոր ենթակառուցվածքներ և օբյեկտներ Քուվեյթի Արիֆջան և Ալի ալ-Սալիմ, ինչպես նաև Բահրեյնի Ջաֆիր և Շեյխ Իսա ամերիկյան երկու բազաներում», – ասվում է հայտարարության մեջ։
Լիամասշտաբ պատերազմի վերսկսումը համարվում է քիչ հավանական, սակայն առաջանում է Իսրայելի մասնակցության և Լիբանանի հարցը։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ստորագրված հրադադարի հուշագիրը նախատեսում էր Լիբանանում Իսրայելի գործողությունների ավարտը։ Արդյո՞ք Իսրայելը կփորձի օգտվել ԱՄՆ-ի կողմից տրամադրված հնարավորությունից՝ մնալու Լիբանանում և նաև հարվածներ հասցնելու Իրանին։