Պոլիսի հայկական գերեզմանատանը վնասել են դամբարաններ

Անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնասել վեց դամբարան և աղբյուր, այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։

«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։

Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար։

Պատրիարքարանը դատապարտում է սրբազան արժեքների և հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։

Շնորհակալություն ենք հայտնում պատկան մարմիններին, որոնք դեպքը պարզելու նպատակով շարունակում են իրենց գործունեությունը։

Հույս ունենք, որ հանցագործը կհանձնվի արդարադատությանը»,- ասված է հաղորդագրությունում։