Դավիթ Իշխանյանի որդու կոչը․ Եվրախորհրդարանում քննարկվել են հայ գերիների հարցերը

Եվրոպական խորհրդարանում այսօր անցկացվել է «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները եւ ԵՄ ներգրավվածության հրամայականը թեմայով» քննարկում։ Համակազմակերպիչներն էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) եւ Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։

Համաժողովին ներկա էր նաեւ Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, որը ելույթով է հանդես եկել։

«2023-ին Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից, շրջափակումից հետո մեր ընտանիքը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Հայրս մեզ հետ չեկավ Հայաստան, քանի որ իբրեւ պետական պաշտոնյա պատասխանատվություն էր կրում ապահովել քաղաքացիական բնակչության տեղափոխումը եւ դրանից հետո միայն մեկնել Հայաստան։ 2023թ․ հոկտեմբերի 3-ին տեղեկացանք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ հորս։ Ձերբակալվելուց միայն 10 օր անց մենք առաջին տեղեկությունները ստացնաք հորիցս։

Մեր ընտանիքն անցնում է հոգեբանական աննկարագրելի ապրումների միջով։ Չնայած երբեմն կարճ հեռախոսազրույցներ ենք ունենում, սակայն մեր մտահոգությունները փարատված չեն՝ հորս առողջական վիճակի, պահման պայմանների, նրա նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ՝ հաշվի առնելով նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։ Արդեն մոտ 1000 օր է՝ մենք մշտական անորոշության ու ծանր ապրումների մեջ ենք։ Ադրբեջանում կեղծ դատավարության արդյունքում հայրս դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն կարծում եմ՝ կարիք չկա անդրադառնալու այդ դատավարության շինծու լինելուն»,- ասել է Արմեն Իշխանյանը։

Նրա խոսքով՝ 1990-ականներից իր հայրն ու Ադրբեջանում պահվող մյուս գերիները պայքարում էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Նույն տարիներին Եվրոպական խորհրդարանը մի քանի անգամ ընդունել է ինքնորոշման իրավունքը՝ որպես անօտարելի իրավունք եւ համերաշխություն հայտնել արցախահայության պայքարին։ «Փաստորեն միջազգային իրավունքի հիմունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտվում են, իսկ դատապարտող պետությունը խուսափում է պատասխանատվությունից»,- հայտարարել է Արմեն Իշխանյանը։

Նա հավելել է․ «Ինչպես հայրս է ասել՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հետեւաբար, Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի իշխանության կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հարցում Ադրբեջանի հանձնառությունը»։

Արմեն Իշխանյանը դիմել է եվրոպական համայնքին․ «Խնդրում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ Հաշվի առնելով եվրոպական ներգրավվածությունն ու հեռահար նպատակները մեր տարածաշրջանում՝ ես լիահույս եմ, որ քաղաքական կամքի արտահայտման պարագայում ԵՄ գործադիր իշխանությունը կարող է Ադրբեջանի վրա իրական ճնշում գործադրել այս հարցում»։

Նա նաեւ ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության գործընթացը» չի անդրադառնում հումանիտար հարցերին, այնինչ, գրեթե բոլոր խաղաղ համաձայնագրերն աշխարհում հանգեցրել են առաջին հերթին ռազմագերիների ազատ արձակմանը։ Իսկ Ադրբեջանը հետեւողականորեն խուսափում է դրանից։

https://www.facebook.com/reel/1754722375549109