
Հայաստանի կառավարությունը վաղը հավանություն է տալու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքին։
Կառավարության հավանությունից հետո այն քննարկվելու է Սահմանադրական դատարանում՝ համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով, ապա՝ ներկայացվելու է խորհրդարանի վավերացմանը։
TRIPP-ի այս համաձայնագիրը նախաստորագրվել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում, իսկ վերջնական ստորագրումը կայացել էր հունիսի 4-ին։
Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը, հաղորդում է բրիտանական The Guardian-ը: Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ:
«Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»,- գրել է հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։
Թերթը հիշեցրել է՝ Սոկոլովը մեկն է այն 36 նվիրատուներից, որ ֆինանսական միջոցներ են հատկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի նորոգման համար։ Այս նախագիծը գնահատվում է 350 մլն դոլար։ Կոնստանտին Սոկոլովի նվիրատվության չափը հայտնի չէ, վերջինս մերժել է The Guardian-ի հարցազրույցի խնդրանքը։
Tripp+ առևտրային հիմնադրամը, որը հիմնել և նախագահելու է Սոկոլովը, ըստ պետդեպի, կառավարելու է 201 միլիոն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։
Փետրվարին՝ Երևան կատարած այցի ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Tripp+ հիմնադրամը որակել էր որպես «պատմական վերափոխման» մի մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։
Միևնույն ժամանակ, ըստ The Guardian-ի, «հստակ չէ, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն շահույթ ստանալ հիմնադրամից ու արդյո՞ք ստանալու են փոխհատուցում իրենց դերակատարության համար»։
Սոկոլովը Հայաստանում հայտնի է որպես հայաստանյան կապի խոշոր օպերատորներից «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր։ «Վիվա Արմենիա»-ն վերջերս ձեռք էր բերել նաև մեկ այլ օպերատորի՝ «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը։
Ապրիլին «Ազատություն»-ը գրել էր, որ նա նաև Թեղուտի պղինձ-մոլիբդենի հանքավայրի հնարավոր գնորդն է։