
«Հարեհաս Հետազոտողների Ամառային Ակումբ»
Ամառային արձակուրդները յուրաքանչյուր երեխայի կյանքի ամենասպասված շրջանն են։ Սակայն Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներում երեխաների համար ամառը հաճախ անցնում է առանց կազմակերպված, զարգացնող և անվտանգ զբաղվածության։ Շատ երեխաներ օրերի մեծ մասն անցկացնում են հեռախոսի կամ պլանշետի դիմաց, համակարգչային խաղերով կամ սոցիալական ցանցերում՝ աստիճանաբար հեռանալով բնությունից, կենդանի շփումից և ստեղծագործական գործունեությունից։ Մյուսները պարզապես ժամանակն անցկացնում են աննպատակ՝ չունենալով այնպիսի միջավայր, որը կզարգացնի նրանց հետաքրքրասիրությունը, երևակայությունը, սովորելու ցանկությունը և սոցիալական հմտությունները։
«Հարեհաս Հետազոտողների Ամառային Ակումբը» ստեղծվել է հենց այս խնդրին պատասխանելու համար։ Այն 5–10 տարեկան երեխաների համար նախատեսված ութշաբաթյա զարգացնող ամառային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս երեխաներին վայելել ամառային արձակուրդները հենց իրենց գյուղում՝ խաղալով, բացահայտելով, ստեղծագործելով, ընկերանալով և սովորելով սովորել։
Ծրագիրը հիմնված է երեք առանցքային ուղղությունների վրա՝ բնություն, ստեղծարարություն և համայնք։ Երեխաները դառնում են «Հարեհաս հետազոտողներ», ստանում են իրենց անձնական Հետազոտողի անձնագիրը, ամեն շաբաթ մասնակցում են նոր թեմատիկ արկածի, կատարում առաքելություններ, հավաքում ձեռքբերումների նշաններ (բեյջեր) և քայլ առ քայլ բացահայտում իրենց ուժեղ կողմերը, հետաքրքրություններն ու կարողությունները։
Ծրագրի նպատակը երեխաներին պարզապես զբաղեցնելը չէ։ Այն ստեղծվել է, որպեսզի երեխաները սիրեն սովորելը, սովորեն հարցեր տալ, դիտարկել, փորձարկել, համագործակցել և ինքնուրույն բացահայտել աշխարհը։ Ամառային ակումբն օգնում է նրանց բացահայտել իրենց տաղանդներն ու ներուժը, կապվել բնության հետ, ճանաչել և սիրել իրենց համայնքը, ստեղծել նոր ընկերություններ, զարգացնել համագործակցության մշակույթը և ձեռք բերել ինքնավստահություն՝ հավատալով, որ իրենք կարող են ստեղծել, նախաձեռնել և դրական փոփոխություններ բերել իրենց շրջապատում։
Ծրագրի յուրաքանչյուր շաբաթն ունի իր թեմատիկ ուղղությունը և համատեղում է բացօթյա հետազոտությունները, բնաճանաչական արշավները, գիտափորձերը, արվեստն ու ձեռքի աշխատանքները, երաժշտությունը, պարը, հեքիաթները, բնապահպանական նախաձեռնությունները և թիմային խաղերը՝ ապահովելով փորձառական ուսուցում, ուրախ մանկություն և անվտանգ, ներառական միջավայր։ Յուրաքանչյուր օրը սկսվում է նախավարժանքով, ավարտվում է ռեֆլեքսիայով, իսկ առողջ ընդմիջումների ընթացքում երեխաները սովորում են առողջ սնվելու մշակույթ, կիսվելու և միմյանց մասին հոգ տանելու արժեքները։
Ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն իրականացվում է համայնքի մասնակցային մոդելով։ Ամառային դպրոցի մանկավարժներն ու մենթորները ընտրվում և ներգրավվում են հենց համայնքից, ինչը նպաստում է երեխաների համար վստահելի, անվտանգ և հարազատ միջավայրի ձևավորմանը։ Միաժամանակ համայնքի ավագ դպրոցի աշակերտները ներգրավվում են որպես կամավորներ՝ ստանձնելով պատասխանատվություն խաղերի, խմբային աշխատանքների, բացօթյա գործունեության, միջոցառումների կազմակերպման և փոքր խմբերի ուղեկցման համար։ Այս փորձը նրանց համար դառնում է առաջնորդության, կամավորության և համայնքային պատասխանատվության առաջին իրական փորձառությունը՝ զարգացնելով նախաձեռնողականությունը, հաղորդակցման, կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտությունները։
Այս մոտեցման շնորհիվ ամառային դպրոցը դառնում է ոչ միայն երեխաների կրթական ծրագիր, այլև համայնքի ներսում համագործակցության, կամավորության և առաջնորդության մշակույթ ձևավորող հարթակ, որտեղ երեխաները, երիտասարդներն ու մեծահասակները միասին ստեղծում են սովորող համայնք։
«Հարեհաս Հետազոտողների Ամառային Ակումբը» պարզապես ամառային դպրոց չէ։ Այն ներդրում է գյուղական երեխաների երջանիկ մանկության, առողջ զարգացման և այնպիսի համայնքների ձևավորման մեջ, որտեղ երեխաները մեծանում են հետաքրքրասեր, ինքնավստահ, նախաձեռնող և պատասխանատու քաղաքացիներ՝ հավատալով, որ ամենամեծ բացահայտումները կարող են սկսվել հենց իրենց գյուղից։