
Գերմանիայի ԱԳՆ խորհրդատու, քաղաքագետ և Բոննի համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Հայնեման-Գրյուդերը Բաքվի լրատվամիջոցներին տված հարցազրույցում մեկնաբանել է Ալիևի Գերմանիա կատարած այցը, ասելով որ Ղարաբաղը փակված հարց է։ «Եվ՛ Գերմանիան, և՛ Ադրբեջանը այլևս չեն նայում անցյալին. նրանք նայում են ապագային՝ հիմնվելով կյանքի փաստերի վրա։ Իսկ Գերմանիայի համար շահերն ավելի կարևոր են, քան այսպես կոչված համաեվրոպական արժեքները», – նշել է պրոֆեսորը։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը վերջերս անսպասելի այց կատարեց Բեռլին, որից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարեց Նիկոլ Փաշինյանին։
Բեռլինում այցից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը բողոքեց Ադրբեջանում ներդրումների պակասից։ Ըստ երևույթին, Մերցը մերժել է Ալիևին, ուստի նա դիմել է շանտաժի։ Ալիևը անսպասելիորեն և դժգոհությամբ “հաստատեց”, որ Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում՝ առանց իր իմացության, իբր քննարկելով ինչ-որ խաղաղության ծրագիր։ Գերմանիայի ղեկավարությունը ակնհայտ անհարմարության մեջ ընկավ և ստիպված եղավ հերքել բանակցություններին իր մասնակցությունը։
Ամեն դեպքում, Մերցը հետո զանգահարեց Փաշինյանին և ասեց նրան մի բան, որը պահվում է խիստ գաղտնի։
Հիշեցնենք, որ Գերմանիան, ինչպես շատ այլ երկրներ, որոնց համար միջազգային նորմերն ու իրավունքը անխախտելի են, հրաժարվում է ճանաչել Արցախյան հակամարտության ռազմական «լուծումը» և երբեք կոչ չի արել Հայաստանին հրաժարվել ինքնորոշման իրավունքից կամ փոփոխություններ կատարել իր սահմանադրության մեջ։
Այժմ Բաքվի լրատվամիջոցները, հղում անելով գերմանացի փորձագետներին, պնդում են, որ Գերմանիան իր շահերը գերադասում է միջազգային իրավունքից։
Նույն Բաքվի լրատվամիջոցները մեջբերում են WeltTrends միջազգային քաղաքականության ինստիտուտի (Պոտսդամ) պրոֆեսոր Ալեքսանդր Ռարին, որն ասել է, որ «գերմանական դիվանագիտությունն այժմ մեծապես կակտիվանա Հարավային Կովկասի տարածաշրջանում և կգործի Թուրքիայի միջոցով, որը մնում է Ռուսաստանի հետ Արևմուտքի համագործակցության հիմնական երկիր»։
Սա չափազանց կարևոր դիտարկում է, քանի որ այն մատնանշում է Գերմանիայի քաղաքականության պարադիգմայի փոփոխություն՝ վերսկսել համագործակցությունը Ռուսաստանի հետ, կրկին Թուրքիայի միջոցով, բայց Հայաստանի հաշվին՝ միջազգային իրավունքից շեղվելով։
Գերմանիայի ղեկավարությունը «արժեքների ճգնաժամ» է ապրում և ստիպված է ամոթալի փոփոխություններ կատարել կաբինետում։
Առողջապահության նախկին նախարար Յենս Շպանը, որը բացահայտ համասեռամոլ էր, սկանդալի կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ նա և իր ամուսինը հայտարարեցին, որ ծնողներ են դարձել։ Նրանց որդին ծնվել է փոխնակ մոր միջոցով Միացյալ Նահանգներում։ Փոխնակ մայրությունն արգելված է Գերմանիայում։ 2015 թվականին Շպանը GQ-ին ասել է, որ «որպես համասեռամոլ տղամարդ և քրիստոնյա, նրա համար շատ դժվար է հաշտվել «վարձակալված արգանդի» գաղափարի հետ»։
Մերցի համար դժվար կլինի հաղթահարել այդքան շատ անհարմար հանգամանքներ։