
Ուկրաինական պատերազմում կարծես բանակցությունների նոր փուլ է սկսվում։
Ռոյթերսը, հղում անելով ուկրաինական աղբյուրին, հաղորդում է, որ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտին ուղղված խաղաղության գործընթացի շրջանակներում ուկրաինական և ամերիկյան կողմերը քննարկել են օդային հրադադարի նախաձեռնությունը, որը նրանք պատրաստվում են առաջարկել Ռուսաստանին։
Ուկրաինան կարծում է, որ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ Ուկրաինայի կողմից շարունակվող հեռահար հարվածների հետևանքով Ռուսաստանի տնտեսության վրա ճնշումը կարող է Կրեմլին ստիպել փոխել իր դիրքորոշումը և համաձայնվել հրադադարի։ Սակայն Ռուսաստանում աճում են բավականին արմատական տրամադրությունները, որոնք Պուտինից պահանջում են «վճռական» քայլեր, ասենք «Կիևի գրավումը»։
ԱՄՆ-ն և Ուկրաինան դեռևս գնահատում են Ռուսաստանին հասցված վնասի ազդեցությունը յուրաքանչյուր ռուսաստանցու վրա և քաղաքականության վրա դրա ճնշումը։
Հրադադարը լավագույն սցենարը կլինի, եթե այն փրկի ուկրաինացիների կյանքերը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի ծայրահեղ աջ բլոգեր և ԱՄՆ նախագահի կողմնակից Լորա Լումերի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ պատերազմը դադարեցնելով, մինչդեռ Ուկրաինան ձգտում է խաղաղության, մեջբերում է նրա խոսքերը РБК-Ուկրաինան։
«Եթե մենք կարողանանք վաղը հրադադարի հասնել, դա ավելի լավ կլինի, քան 10-20 տարի պայքարել հաղթանակի համար և կորցնել մեր ժողովրդին», ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայում աճում են նաև արմատական տրամադրությունները, որոնք աստիճանաբար սպառնալիք են դառնում Զելենսկու համար։
Պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն ինն օր։ Հանրությունը պահանջում է երիտասարդ բարեփոխիչի վերականգնումը պաշտոնում, հաղորդում է Dialog.UA-ն։ Ամենամեծ բողոքի ցույցը տեղի է ունենում Կիևում, որտեղ հազարավոր մարդիկ կրկին հավաքվել են Ֆրանկոյի հրապարակում։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Դնեպրում, Օդեսայում, Լվովում, Խարկովում, Իվանո-Ֆրանկովսկում, Չերկասիում, Վիննիցայում, Խմելնիցկիում և այլ քաղաքներում։
Ռուսաստանում և Ուկրաինայում հասարակությունների արմատականացման ֆոնին Զելենսկին մեկնում է Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Թրամփի հետ։