BBC-ն Ադրբեջանում «ազատության» մասին. այդքանից հետո ո՞վ ներդրում կանի Ղարաբաղում

Ադրբեջանի դատարանը դատապարտել է անկախ «Toplum TV» լրատվամիջոցի ինը լրագրողների, որոնք, ի թիվս այլ բաների, լուսաբանել են երկրում կոռուպցիայի մասին տվյալները: Լրատվամիջոցի երկու հիմնադիրները դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, գրում է BBC-ն։

«Toplum TV»-ն հայտնի է Ադրբեջանի նախարարություններում, պաշտոնյաների և նրանց ընտանեկան կլանների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով: Լրատվամիջոցը նաև լուսաբանում է տնտեսության իրական վիճակը, գրաքննությունը և սոցիալական խնդիրները։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևում այս լրատվամիջոցի լրագրողների հետապնդումները որակվել են որպես «քննադատական ​​ձայների լռեցում» Ադրբեջանում։

2025 թվականի հունիսին դատարանը յոթ լրագրողի դատապարտել է 7,5-ից մինչև 9 տարվա ազատազրկման: Տարբեր հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչվածներից վեցը կապված են «Abzas Media»-ի հետ, որը հետաքննություններ է հրապարակել Իլհամ Ալիևի բիզնես գործերի վերաբերյալ։

2025 թվականի սկզբին Ադրբեջանը իր տարածքից վտարեց ՄԱԿ-ի հիմնական կառույցները, Կարմիր խաչի գրասենյակը և մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների, այդ թվում՝ BBC Azerbaijan Service-ի գրասենյակները։

Ավելին, Բաքուն դադարեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը։ Հաջորդ քայլը կարող է լինել Ադրբեջանի լիակատար դուրս գալը Եվրոպայի խորհրդից, ինչի մասին վերջերս նաև բարձրաձայնել է Ադրբեջանի նախագահը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսին կրկին հանդիպել է Ալիևի հետ Բաքվում, և այցի ընթացքում նա ոչինչ չի ասել լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների մասին։ Ինչպես նախկինում, նա կենտրոնացել է Ադրբեջանի կողմից Եվրոպա էներգակիրների արտահանման հարցերի վրա։
Ֆոն դեր Լեյենի այցի նախօրեին բանտարկված ադրբեջանցի լրագրողները բաց նամակով դիմել են նրան՝ կոչ անելով «չզոհաբերել իր արժեքները տնտեսական շահերի համար»։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ Ադրբեջանից հեռանալուց հետո նրան բանտից գրողները ենթարկվել են ֆիզիկական ճնշման, և նրանցից մեկը հայտնվել է մենախցում։

Խմբագրի նշում. Ալիևը վաղուց է Ադրբեջանը վերածել մի կալվածքի, որտեղ ոչ ոք չի կարող նրան մեղադրել կոռուպցիայի կամ այլ հանցագործությունների մեջ։ Արցախը գրավելուց հետո Ալիևը այն վերածել է մոխրագույն գոտու, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, արդեն ներդրվել է գրեթե կես միլիարդ դոլար։ Այս ծախսերի համար հաշվապահություն չկա, և ընդդիմադիր լրագրողները նշում են, որ միայն Ալիևին մոտ կլաններն են ստանում Արցախում կառուցապատման իրավունք, իսկ փողերը գրպանում են՝ ներկելով լքված հայկական տները և ներկայացնելով որպես նորակառույց։

Վերջերս Գերմանիա կատարած այցի ժամանակ Ալիևը բողոքել է, որ եվրոպացիները չեն ցանկանում ներդրումներ կատարել Ադրբեջանում։ Ո՞վ կներդնի մի երկրում, որը բանտարկում է լրագրողներին, հրաժարվում է բոլոր միջազգային պարտավորություններից և մեղադրվում է էթնիկ զտումների մեջ։