Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանում ռումբ է պայթել, երեք մարդ է զոհվել

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Մոսկվայի Կուդրինսկայա հրապարակի ռեստորանում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք (ԻՊՍ): Ավելի վաղ Մոսկվայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ։

ԱԱՀԿ-ի հայտարարությունը մեջբերել են ռուսական պետական ​​լրատվամիջոցները: ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կոմիտեին, նաև հայտնել է, որ ինքնաշեն պայթուցիկը պայթեցրել է մի կին, որը մահացել է դեպքի վայրում: Մեկ այլ զոհ է եղել ռեստորանի անվտանգության աշխատակիցը, որը փորձել է խանգարել նրան մտնել ռեստորան և բացել է բերած տուփը: Երրորդ անձի ինքնությունը չի հրապարակվել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է 21 մարդ, որոնցից շատերը ծանր վիճակում են։

ASTRA-ն՝ հղում անելով ականատեսի, հայտնել է, որ հաստատությունում տեղի է ունեցել գեներալի ծննդյան տոնակատարություն: Ռեստորանի մոտակայքում կայանված են եղել բազմաթիվ սև համարանիշներով մեքենաներ, որոնք օգտագործվում են Ռուսաստանի զինված ուժերի և որոշ այլ անվտանգության մարմինների կողմից, ինչպես նաև «Ռոսգվարդիա» (Ռուսական ազգային գվարդիա) ավտոբուս։

Իր հերթին, ռուս լրագրող Օլեգ Կաշինը պնդում է, որ ռեստորանում նշվում էր Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չայկոյի ծննդյան օրը։