
Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվել է փաստացի խաղաղություն, ինչը կարգավորման գործընթացում կարևոր նվաճում է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Շվեյցարիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նախարար Բայրամովը նշել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացի շրջանակներում, Մինսկի խմբի լուծարումից բացի, կարևոր քայլեր են ձեռնարկվել վստահության միջոցառումներն ամրապնդելու համար։
«Վերջին շրջանում իմ նշած բոլոր առաջընթացները իրականացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմ երկխոսության միջոցով», – նշել է նա։
Ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Ադրբեջանին ականազերծման գործում։ Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ականների պայթյունների հետևանքով 433 մարդ զոհվել կամ տարբեր աստիճանի վիրավորվել է։
Կասիսն իր հերթին նշել է, որ «Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը երկիրը դարձնում է կարևոր կապող օղակ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրոպայի միջև։ Միջին միջանցքի և հուսալի, դիվերսիֆիկացված առևտրային ուղիների զարգացումը մեծ նշանակություն ունի ժամանակակից համաշխարհային տնտեսության համար»։
1992 թվականին Արցախյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որը տեղի ունեցավ Արցախից բնիկ հայ բնակչության բռնի տեղահանումից հետո, կարելի է համարել կազմակերպության ֆիասկոն։ Այսօր Բաքուն դա մատնանշեց կազմակերպության գործող նախագահին։ Մինսկի խմբի լուծարումը, որը տեղի ունեցավ Արցախի ամբողջ բնակչության տեղահանումից հետո, նշանակում է, որ ԵԱՀԿ-ն նման «կարգավորումը» համարում է լիովին ընդունելի։ Հատկապես՝ ենթադրական «Միջին միջանցքի» լույսի ներքո։