
Երևանում է Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԽՍՀՄ-ում ծնված, Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Սոկոլովը կղեկավարի Հայաստանով անցնող TRIPP + առևտրային հիմնադրամը: Այս մասին հայտնում է Ազատությունը։
Հաղորդվում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին, հանդիպմանը ներկա է Կոնստանտին Սոկոլովը:
Արտգործնախարարության փոխանցմամբ՝ «ընդգծվել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները»:
«Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան և պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները, որոնք նաև ընդամենը մեկ տարի առաջ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրված երեք հուշագրերի իրականացման արդյունք են»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի ուղղությամբ տարվող աշխատանքներին. «երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ»:
Ամերիկյան կառավարության պետական ծախսերի կայքէջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի (ТRIPP+ ENTERPRISE FUND) միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի: