Կաթողիկոսին դատող դատավորն ինքնաբացարկ է տվել

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործով դատական նիստը մեկնարկից մի քանի րոպե անց ավարտվեց: Նիստն ընթացավ դռնփակ՝ դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ:

Ըստ փաստաբանների՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել:

Փաստաբան Արա Զոոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց:

«Նա եղել է փաստաբան, և արտոնագիրը ես եմ հանձնել [փաստաբանների պալատի նախագահ լինելու ժամանակ] և հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, նա ինքնաբացարկ հայտնեց: Ողջունում եմ իր այս քայլը, որովհետև ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին», – ասաց Արա Զոհրաբյանը:

Հաջորդ նիստը կնշանակվի, երբ նշանակվի նոր դատավոր, ասաց նա:

Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռում ժամերգությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ իր և վեց բարձրաստիճան հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքը որակելով անհիմն և հանիրավի:

«Վերադարձանք անհիմն և հանիրավիր մեղադրանքով նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի և չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից: Մենք լի ենք հավատով ու վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները: Մեր ապավինությունն Աստված է և ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի ու հարազատ երկրի համար է, – հայտարարեց կաթողիկոսը և նշեց, – Աննկուն պիտի լինենք, և միասնական, համառ ջանքեր պիտի ներդնենք, որ դադարեն հանիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնեն ատելության խոսույթները»: