
ՀՀ նոր Սահմանադրության նախաբանում չի լինի հղում Անկախության հռչակագրին։ Այս մասին ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Արդյոք Սահմանադրության տեքստից հանվե՞լ է Անկախության հռչակագրին հղումը՝ ոչ, որեւէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետեւ մենք գրել ենք նոր Սահմանադրություն։ Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը եւ միջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարակ թուղթ եւ վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակո՞ւմ է հղում Անկախության հչռակագրին՝ ոչ եւ չպետք է պարունակեր։ Եվ այդտեղ Ալիեւը որեւէ կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին եւ այդ հարցը շահարկեք»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։
Աննա Գրիգորյանն արձագանքեց․ «Փաստորեն ֆիքսենք, որ Անկախության հռչակագրին հղումը որեւէ կերպ արտացոլված չի լինի նոր Սահմանադրության տեքստում»։
Արուսյակ Ջուլհակյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առանցքային անելիքներից է լինելու նոր Սահմանադրության վերաբերյալ քննարկումների կազմակերպումը։