
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս անցկացվեց «Հանուն Արցախի» խորագրով երիտասարդական բանակումը, որին մասնակցեցին 13-18 տարեկան շուրջ 160 պատանիներ ու երիտասարդներ՝ Արցախից և Սփյուռքից։
Տեղահանությունից ի վեր կազմակերպվող այս բանակումները դարձել են արցախցի երիտասարդների համախմբման կարևոր օջախներ։
Մեկ շաբաթվա ընթացքում բանակման մասնակիցները ներգրավվեցին ազգային, կրթամշակութային ու մարզական ծրագրերում, մասնակցեցին երգի ու պարի դասերի, թիմային աշխատանքների և տարբեր նախաձեռնությունների։
Առանձնահատուկ տեղ էր հատկացված արցախյան մշակութային ժառանգության պահպանմանը։ Արցախյան բարբառը, երգը, պարը, ավանդույթներն ու հիշողությունները դարձան այն անտեսանելի թելը, որը միավորում էր բոլորին։
Բանակումը նաև հնարավորություն էր ճանաչելու Հայաստանը։ Գոշավանք, Թեժառույքի վանական համալիր, Գոշ լիճ․ այս վայրերը մասնակիցների համար դարձան նոր բացահայտումների ու հայրենի հողի հետ կապն ավելի ամրապնդող գեղեցիկ հիշողություններ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ