Փաշինյանը հայտարարեց «սնուցող մայրերի» Չորրորդ Հանրապետության տեսլականի մասին

ՀՀ կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության ծրագիրն ամբողջությամբ հիմնված է «իրական Հայաստանի» գաղափարախոսության եւ Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա։

«Շատ կարեւոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով տեղափոխվում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- ասաց նա։

«Երրորդ եւ Չորրորդ Հանրապետության տարբերությունը հետեւյալն է՝ ըստ էության Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի ու հակամարտության տրամաբանությամբ։ Չորրորդ Հանրապետությունը ձեւավորվում է խաղաղության տրամաբանությամբ։ Երրորդ Հանրապետությունը 1990 թվականին իր հռչակումով ըստ էության արձանագրել է, որ պետության նպատակը, պայմանական ասած, պատմական արդարության վերականգնումն է։ Սրանից բխել են նաեւ որոշակի գործողություններ, եւ ըստ էության այս հայեցակարգից է բխել նաեւ Ղարաբաղյան շարժումը։ Եվ Ղարաբաղյան շարժումն այդ հայեցակարգի վերջնական ուղղություններից մեկն է եղել։

2021 թվականի ընտրություններին մենք մուտք գործեցինք միջին վիճակարական «Քաղաքացիական պայմանագիր»-դաշնակցական գաղափարախոսությամբ։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել էինք Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին, Երրորդ Հանրապետության գաղափարախոսության բոլոր դրույթներն արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ կարեւոր եւ էական մի բան՝ հանրության այն մասը, որին ես պայմանական անվանում եմ Հայաստանը սնուցող մայրեր, կոնկրետ ինձ պարտադրել են վերանայել այդ ամբողջ գաղափարաբանությունը եւ հայեցակարգը»,- ասաց նա։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կանվանվի Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն, կառավարության նիստում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ զարգացած երկրներում սա ընդունված է։

«Մեր դեպքում դա տեղի չի ունեցել, քանի որ պետք է ընդունել, որ Երրորդ Հանրապետության ողջ գոյության ընթացքում Արտաքին գործերի նախարարության գործունեության 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների եւ գործունեության վրա։ Հիմա մենք գործունեության այս ուղղությունը պետք է շատ ակտիվացնենք»,- ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ միջազգային տնտեսական կապերը պետք է լինեն ՀՀ դեսպանատների եւ դիվանագիտական ծառայության ամենօրյա աշխատանքի օրակարգ։