
«Մենք չենք ճանաչել ու չենք ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում»,- դատական նիստերի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողներին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Ազգային ժողովում ՔՊ-ի կարկառուն դեմքերը դուրս են գալիս, ընդդիմությանը մեղադրում են նրա մեջ, որ իրենք հակաթուրք են։ Կամ ասում են՝ ինչպե՞ս կարելի է չճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, մենք ճանաչել ենք, դուք ո՞նց չեք ճանաչել։ Ես ուզում եմ առիթից օգտվել եւ ասել ՔՊ-ի բոլոր կարկառուններին՝ չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, չենք ճանաչել ու չենք ճանաչելու։ Եվ ավելին՝ ամեն ինչ անելու ենք, որ մի օր մեր արցախցի հայրենակիցները վերադառնան իրենց հայրենիք՝ արժանապատիվ ու անվտանգ կյանքով ապրեն իրենց հայրենիքում»,- հայտարարեց Չալաբյանը։
Անդրադառնալով այսպես կոչված «անկլավների» մասին իշխանությունների հայտարարություններին՝ Ավետիք Չալաբյանն ասաց․ «Երբ անդամակցել ենք ԽՍՀՄ-ին, դրանք ՀՀ տարածքներ են եղել, ապօրինի փաստաթղթերով են դրանք հանձնվել Ադրբեջանին։ Չկա որեւէ օրինական փաստաթուղթ, որը հաստատում է այդ անկալավների հանձնումը։ Եվ պետք է ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա, որովհետեւ դա Հայաստանի անդամահատման շատ կարճ ճանապարհ է՝ Հայաստանի կենտրոնական մասը Սյունիքից ու Վայոց ձորից կտրելու շատ կարճ ճանապարհ է»։