«Տիգրանաշենը հանձնելու իրավական հի՞մք եք գտել։ Եթե այո, ներկայացրեք»

Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են հարցին, որ այսպես կոչված «անկալվների» հաձնման համար իրավական հիմքեր չկան։

Այսպես կոչված «անկլավների» հարցին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում դարձյալ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով կոչելով եւ հայտարարելով, թե «Տիգրանաշենը Հայաստանի տարածքի մեջ չէ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ միացրեց Նիկոլ Փաշինյանի 2022-ի թվականի հայտարարության ձայնագրությունը, որտեղ Փաշինյանն ասում էր․ «Մենք մինչեւ այս պահը, ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել։ Քարտեզն ի՞նչ է, քարտեզը գծագիր է, որը ոնց ուզես, կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Եվ մենք, ինչքան ուսումնասիրում ենք իրավական հիմքերը, անկալվների գոյության իրավական հիմք չենք գտնում»։

Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց ՔՊ-ին․ «Ուսումնասիրությունները շարունակելով՝ իրավական հի՞մք եք գտել։ Եթե այո, ներկայացրեք»։

«Հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով, ի՞նչ տրամաբանությամբ եք դուք ամենաբարձր մակարդակով ՀՀ տարածքը, հայկական բնակավայրերն անվանում ադրբեջանական անունններով։ Եթե ձեր տրամաբանությունն այն է, որ Ադրբեջանն ինչ անունով անվանում է մեր բնակավայրերը, դուք կրկնում եք, մեր բոլոր բնակավայրերն ունեն ադրբեջանական անուններ՝ Երեւանին գիտեք, չէ՞, թե ինչ են անվանում, Սեւանին, Սյունքին։ Երբ մենք ձեզ ասում ենք, որ Սահմանադրությունը չէ կոնֆլիկտածին, ՔՊ-ն է կոնֆլիկտածին, սա նկատի ունենք։ Ի՞նչ է նշանակում, երբ երկրի ղեկավարն ասում է՝ ես ունեմ այլ երկրի տարածք, բա դա եթե պատերազմի հրավեր չէ, ի՞նչ է»,- ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ որեւէ իրավական հիմք չկա, բայց Ադրբեջանի հերթական պահանջը կա այս հարցում։ «Ադրբեջանը Տիգրանաշենը կարող է պահանջել միայն մի բանի համար, եթե ուզում է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, ամբողջական շրջափակման մեջ վերցնել ու ակցանի մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը։ Տիգրանաշենն իր համար որեւէ այլ նշանակություն չունի։ Ձեր ապաշրջափակման օրակարգի անվան տակ Երեւանից դուրս եկող երկու միջպետական ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանն ամբողջությամբ հայտնվում է պարկի մեջ։ Եթե Ադրբեջանը Հայաստանը կազմաքանդելու նպատակ չունի, Տիգրանաշենն իր համար որեւէ նշանակություն չունի»,- ասաց նա։

Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ Արցախի վրա վերահսկողության հաստատումը չբերեց Ադրբեջանի պահանջների նվազեցմանը․ «Եթե ձեր թեորեան ճիշտ լիներ, որ խնդիրն Արցախն է, մենք ավարտած կլինեինք այդտեղ։ Արցախում Ադբեջանն էթնիկ զտում է իրականացրել, եթե ձեր թեորեան այն է, որ դա էր իր նպատակը, այդտեղ կանգնած ու ավարտված կլինեինք։ Իրականությունն այն է, որ Արցախի վրա վերահսկողության հաստատումը դուռ բացեց Հայաստանի դեմ պահանջների համար։ Միայն դրա հետեւանքով է, որ մենք հիմա քննարկում ենք Հայաստանի Սահմանադրության փոփոխության Ալիեւի պատկերացումը եւ քննարկում ենք՝ Հայաստանի որ բնակավայրն է հայկական, որը չէ։ Ադրբեջանական պահանջներն ունեն սկիզբ՝ Արցախով սկսվել է, բայց դրա վերջը չկա։ Եթե կա, ցանկը հրապարակեք»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը եղել է Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ։

«Տիգրանաշենը տիգրանաշենցու սեփականությունը չէ, որ փոխհատուցման դիմաց համաձայնի հանձնել այն։ Դա ՀՀ սեփականությունն է։ Դա առաջին հերթին Տիգրան Մելիքյանի սեփականությունն է, որովհետեւ Տիգրան Մելիքյանը զոհվել է Տիգրանաշենի կրակեկետերը ոչնչացնելու ժամանակ, դրա համար իր անունով է այդ գյուղը կոչվել։ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշենը եղել է Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ, որովհետեւ Տիգրանաշենի  ադրբեջանական կրակակետերը ոչնչացվել են 1990 թվականի հունվարի 15-19-ը։ Ինչքան կարելի է Ադրբեջանի պահանջները կատարելու համար կեղծել սեփական երկրի պատմությունը»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Ռոզա Հովհաննիսյան