
Step1.am-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը։
–Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախաբանում հղում չի լինելու Անկախության հռչակագրին։ Հայ դատը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։
-Բնականաբար, մենք չենք կարող դրական վերաբերմունք ունենալ։ Մեզ համար դատապարտելի են իշխանությունների դիրքորոշումները, որոնք հանգում են նրան, որ Ադրբեջանի յուրաքաչյուր պահանջ պետք է բավարարվի։ Ի դեմս Սահմանադրության փոփոխության օրակարգի, «անկալվների» խնդրի, տարբեր այլ օրակարգերի՝ ըստ էության ձեւավորվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանն ուղղակիորեն եւ իրենց համար բավականին էֆեկտիվորեն խառնվում է հայաստանյան ներքաղաքական կյանքին եւ Հայաստանի իշխանությունների միոջոցով ձեւավորում է ներքաղաքական օրակարգ։ Իհարկե, այս իրավիճակը մեզ համար անընդունելի է։ Հայ դատի համակարգը հավատարիմ է եւ ի թիվս այլնի գործում է նաեւ Անկախության հռչակագրի հիմնադրույթային նշանակություն ունեցող գաղափարներին հավատարիմ։
–Ի՞նչ տեսակետ ունեք Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման մասին, Հայ դատը այն համարո՞ւմ է ուժի մեջ գտնվող որոշում։
-Որպես որոշում, որպես ռազմավարական նպատակ, այո, իհարկե, այդ որոշումն ուժի մեջ է եւ չեղարկված չէ։ Եվ մեզ համար դա Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման իդեալական պատկերացումն է։
-Եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Բաքուն «ճանաչի» արցախցիների վերադարձի իրավունքը եւ ազատ արձակի հայ գերիներին, այսինքն՝ գնա այս «զիջումներին», Հայ դատը կհամաձայնվի՞ Սահմանադրության փոփոխությանը եւ Անկախության հռչակագրից հրաժարմանը։
-Գերիների ազատ արձակումը եւ նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող զիջում համարվել, որովհետեւ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում, ցեղասպանական բնույթի գործողություններ։ Եվ Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է ապահովել արցախահայության վերադարձի իրավունքը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-որոշման։ Ադրբեջանը նաեւ պարտավորություն ունի ազատ արձակել հայ գերիներին՝ համաձայն միջազգային կոնվենցիաների։ Եվ նաեւ միջազգային հանրությունն այսօր ոչ գործնական ձեւով, բայց գոնե հայտարարությունների մակարդակով պահանջում է գերիների վերադարձ։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք պետության միջազգային պարտավորության կատարման եւ զիջման սահմանը։
Հայ դատի տեսակետներում փոփոխություն չի լինի, որովհետեւ շատ հստակ է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ասում է, որ Սահմանադրության առաջին հոդվածներն անփոփոխելի են։ Եվ դրանք չեն կարող փոխվել։ Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, մեր Սահմանադրության առաջին գլուխն անփոփոխելի է։ Իսկ առաջին գլխի անբաժման մաս է նաեւ Սահմանադրության նախաբանը։ Սահմանադրությունը պետք է օրգանական կապ ունենա պետության ծննդականի, մայր փաստաթղթի՝ անկախությունն ուրվագծած փաստաթղթի հետ։ Եթե մենք մեր Սահմանադրությունը կտրում ենք Անկախության հռչակագրից, ապա օրգանական կապի բացակայություն է առաջանում անկախական գաղափարի եւ այդ պետության գործարկումն ապահովող մայր օրենքի՝ Սահմանադրության միջեւ, ինչը մեզ համար անընդունելի է։
-Ինչո՞ւ է Բաքուն այս պահանջը մեջտեղ բերել ու պնդում։
-Բաքուն միշտ է պնդում այս ամենի իրականացումը։ Եվ եթե այս ամենն իրականացվի, շատ հավանական է, որ նոր պահանջներ ներկայացնեն։ Իրենց նպատակը շատ հստակ է՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը վերականգնվեն պատերազմից հետո։ Նպատակ ունեն ՀՀ-ն անընդհատ պահել կախյալ իրավիճակում, ստեղծել անվտանգային սպառնալիք եւ առահասարակ ձեւավորել մի քաղաքական օրակարգ ու խոսույթ, որտեղ բացառապես կբավարարվի Ադրբեջանի շահը։ Եվ այս պայմաններում Ադրբեջանը հնարավորություն չի տալիս Հայաստանի իշխանություններին բարձրացնել այնպիսի հարցեր, որոնք ՀՀ համար կարեւոր նշանակություն ունեն։
Ռոզա Հովհաննիսյան