Մոռացության չտալ Արցախը և սպառնալիք չհանդիսանալ խաղաղության ծրագրին

Ստեղծված իրավիճակում, նկատի ունեմ և Հայաստանում տիրող մթնոլորտը և Հայաստանի շուրջ տարածաշրջանում ընթացող գործընթացները, բավականին բարդ խնդիր ունենք Արցախի հարցը օրակարգում պահելու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

«Այնուամենայնիվ, այսօր մենք նկատի առնելով Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքները, մենք բոլոր մեր քայլերը հաշվարկված, փորձում ենք օրակարգային պահել Արցախի հարցը։

Արցախի հարցը ոչ միայն քաղաքական բաղադրիչ ունի, այլ նաև սոցիալ-տնտեսական, իրավական, ինչու չէ հումանիտար բաղադրիչներ, և բոլոր այդ ուղղություններով մենք փորձում ենք գործունեություն ծավալել՝ առաջնային խնդիր ունենալով արցախահայության ծանր վիճակից ելք փնտրելը։ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք կազմակերպում, փորձում ենք համատեղ բոլոր այն ուժերի հետ միասին, որոնք մտահոգված են և Արցախի ճակատագրով, և արցախահայության խնդիրներով, մշակել մի քաղաքականություն, որը թույլ ի չտա մոռացության տալ Արցախը, մյուս կողմից սպառնալիք չհանդիսանա այն խաղաղության ծրագրին, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը»,–ասաց նա։

Բաղունցը տեղեկացրեց, որ Արցախից բռնի տեղահանումից հետո Ազգային ժողովի որոշմամբ ստեղծել են Արցախի հիմնական խնդիրների պաշտպանության հանձնաժողով, որում ներգրավել են Սփյուռքի այն ակտիվ քաղաքական գործիչներին, որոնք մշտապես զբաղվել են Արցախի հարցով և այդ հանձնաժողովը ակտիվ գործունեություն է ծավալում մինչ այսօր։

«Մենք կապ ու պահպանում ենք իրենց հետ, և քանի որ սուղ հնարավորություն ունենք մենք անմիջապես ներկայանալ տարբեր միջազգային հարթակներում և այնտեղ բարձրաձայնել Արցախի բազմաթիվ խնդիրները, մենք փորձում ենք իրենց միջոցով այդ խնդիրները լուծել»,–ասաց նա։

«Արցախայությունը երևի հայ ազգի ամենավառ ներկայացուցիչներն են, որոնք կողմնակից են խաղաղությանը։ Անցնելով վերջին տարիներին երեք պատերազմներով, մենք շատ լավ գիտենք խաղաղության գինը և ամեն ձև ձգտում ենք այն քաղաքականությունը վարել, որը կնպաստի երկարաժամկետ խաղաղության։

Բայց խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին։ Իհարկե, որոշակի զիջումներ արվում են և դա քաղաքական պարտադրանք է, միջազգային ավելի հզոր ուժեր թելադրում են խաղի կանոնները և խաղաղությունը այդպես չէ, որ հեշտ է ձեռք բերվում, բայց այնուամենայնիվ այդ խաղաղությունը պետք է ստանալ ոչ սկզբունքային զիջումների հաշվին», ասել է Բաղունցը։

Արցախ Միություն-ը իր հերթին հայտարարել է, որ Արցախի հանրապետության հռչակման 35-րդ տարեդարձը դիմավորում ենք բացառիկ ծանր հանգամանքներում: Էթնիկ զտումից “երեք տարի անց մենք շարունակում ենք ապրել բռնի տեղահանության մեջ, իսկ մեր հայրենիքը մնում է ցեղասպանական բռնազավթման պայմաններում. հենց այս իրականությունն է Արցախ Միության առաքելության հիմքում՝ պաշտպանել բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հասնել միջազգային արդարության և նպաստել մեր ժողովրդի հավաքական վերադարձին՝ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի՝ նոր ցեղասպանության վտանգներից զերծ”:

Հայտարարության մեջ նշված է, որ բանակցվող ոչ մի փաստաթղթում անդրադարձ չկա Արցախի ժողովրդի իրավունքներին, կարգավիճակին, ոճրագործությունների հետաքննությանը, հայ պատանդների ազատ արձակմանը, հայատյացության քաղաքականության վերացմանը և բազմաթիվ այլ հիմնարար հարցերին:

“Այս ամենի համատեքստում խիստ դատապարտելի են ՀՀ իշխանությունների այն հայտարարություններն ու գործողությունները, թե, իբր, Արցախի հարցը փակված է, և Արցախի ժողովուրդը պետք է մոռանա իր հայրենիք վերադառնալու մասին”, ասված է հայտարարության մեջ:

Արցախում ցեղասպանություն է իրականացվել, իսկ ցեղասպանության միջոցով խաղաղություն հաստատել հնարավոր չէ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

«Արցախցիներն ունեն վերադարձի բոլոր իրավունքները՝ չնայած իշխանությունների կոչերին և անցյալը մոռացության մատնելու քաղաքականությանը։ Ոչ մի պետություն չի կարող դադարել գոյություն ունենալ ինչ-որ մեկի ցանկությամբ։ Արժանապատիվ հայերի համար այս էջը փակված չէ»,- հայտարարել է Գալստյանը։