
«Մենք պիտի գործ անենք, անընդհատ խոսելով ոչնչի չենք հասնի»,- Արցախի ներկայացուցչության շենքում Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:
Նա հիշեցրեց, որ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը դեռեւս 2024 թվականի դեկտեմբերին հաստատել է ռազմավարություն, թե ինչ պետք է անել։
«Ի՞նչ է արված այդ ռազմավարության հետ կապված, դժբախտաբար ոչինչ։ Դրա փոխարեն ստեղծվել են խժդժություններ, ոմանք հայտարարում են, որ պետք է ընտրեն Արցախի նախագահ։ Շատ լավ, ընտրեք, բայց այդ ի՞նչ գործ էիք անում, որ չբավարարեց Արցախի նախագահի պաշտոնը։ Արցախի նախագահի պաշտո՞նն էր պակասում, որ գործ չեք արել։ Ազգային ժողովը երկու ամիս է՝ չունի նախագահ, նորից խժդժությունների արդյունքում։ Մի՞թե սա Արցախի պետական մարմիններին է վերաբերում, անկեղծ ասած, ես չեմ ուզւում հավատալ, որովհետեւ ես Արցախը երբեք այդպես չեմ իմացել՝ ոչ 1988-ին, ոչ հետագայում, ոչ էլ ամենադժվար պահերին։ Երբ խոսում ենք այսօրվա դժվարությունների մասին, չմոռանանք, որ 1988-ին էլ էր դժվար, անընդհատ դժվար ու ծանր է եղել։ Արցախի պետական մարմինները պարտավոր են գործել՝ անկախ դժվարություններից, հալածանքներից։ Այդ հալածանքները միշտ են եղել, ոչ մեկը չի երկնչել, դրա շնորհիվ են եղել այն հաջողությունները, որոնցով այսօր հպարտանում ենք»,- ասաց նա։
Տիգրան Թորոսյանը նշեց, որ չպետք է մոռանանք, թե իչ նվիրյալների ենք կորցրել, նրանց առաջ պատասխանատու ենք։ «Ինչո՞ւ հնարավոր չէ երկու ամսվա ընթացքում Արցախի ԱԺ նախագահ ընտրել, ի՞նչ է պատահել, այդ ո՞նց է լինում, չեմ հավաքվո՞ւմ այդ մարդիկ։ Մարդիկ կան, որոնք համարում են, որ ամո՞թ է, որ իրենք Արցախի ԱԺ պատգամավոր լինեն։ Թող դիմում գրեն, դուրս գան, ի վերջո կան ցուցակներ, հաջորդը կգա, միգուցե նրանք ավելի՞ պատասխանատու կլինեն։ Խնդրում եմ՝ այստեղից չխոսենք ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի, ոչ էլ հազար ու մեկի մասին, խոսենք մեր մասին, մեր անելիքների մասին, մենք ի՞նչ ենք արել։ Ամեն տարի այս օրն այստեղ հավաքվելով՝ հաշվետվություն տանք ամեն մեկս, իսկ առաջին հերթին Արցախի պետական մարմինները՝ ի՞նչ են արել այդ մեկ տարվա ընթացքում, մեկ մազ ավելացրե՞լ են Արցախ վերադառնալու համար։ Առանց աշխատանքի, առանց ծանր աշխատանքի հնարավոր չէ արդյունք։ Արցախն արժանի չէ, որ ամեն տարի հավաքվենք ու խոսենք։ Արցախն արժանի է նվիրումի, գործի եւ Արցախը հետ կբերվի, ես ձեզ հավատացնում եմ, ծանր ամենօրյա աշխատանքի գնով»,- նշեց նա։
Տիգրան Թորոսյանի խոսքով՝ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, գոյություն ունի շարունակվող կապիտուլյացիա։ «Վաղն էլ է տեղի ունենալու, բա Տիգրանաշենի, մնացած բոլոր տարածքնեի տալն ի՞նչ է, կապիտուլյացիա՞ չէ, դա խաղաղությո՞ւն է։ Ինչո՞ւ պետք է թուրքը կրակի, եթե առանց մի փամփուշտ կրակելու ինչ ուզում է, ստանում է։ Բայց եկեք ոչ մեկի չմեղադրանք, ամեն մեկս մեր ներսը նայենք, տեսնենք՝ ինչ ենք արել այսօր, վաղը ինչ ենք անելու։ Այն, ինչ կա այսօր, իրականում ոչինչ է Արցախ վերադաարձի համար»,- հավելեց Թորոսյանը։